FrontNews կայքը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանը դիրքեր է զբաղեցրել Վրաստանի տարածքում: Ընդ որում նշվում է, որ Ադրբեջանը Վրաստանին պատկանող տարածքում դիրքեր է զբաղեցրել ոչ միայն Հայաստանի հետ սահմանագոտում՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային հատման շրջանում, այլ նաև Կարմիր կամուրջ մաքսակետում, որը վրաց-ադրբեջանական տիրույթ է և որևէ առնչություն չունի հայկական ուղղության հետ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ եթե դա իրապես ճշմարտություն է, ապա Ադրբեջանն այս կերպ ցույց է տալիս, որ նա իր տարածքում է գտնվում:
«Վստահ եմ, որ այդտեղ հստակ դեմարկացիա չկա, քանի որ այդ սահմանները երբևէ միջպետական չեն եղել, և դրանք նույն պետության վարչական սահմաններ են եղել և հստակ չէ, իսկ եթե, իսկապես, Ադրբեջանը ընդունում է, որ ինքը մտել է Վրաստանի տարածք, ապա պետք է համապատասխան գործողություններ իրականացնի՝ առնվազն բողոքելով»,-ասաց քաղաքագետը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է բացատրություն պահանջի Վրաստանի Հանրապետութունից, քանի որ դա մեր երկրի անվտանգության հետ է կապված:
«Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ պետք է գրավի Հայաստանը, ազատագրեն Արևմտյան Ադրբեջանը և բոլոր հայերին կոտորեն: Այս երևույթներին համարժեք բացատրություններ պետք է պահանջենք»,-հավելեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան