Օրեր առաջ լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր Արարատ Միրզոյանին՝ ըստ էության նրան մեղադրելով միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու մեջ։ Խոսքն առաջին փոխվարչապետի եւ ԱԺ նախագահի պաշտոնների մասին է։ Ըստ լրատվամիջոցի հրապարակման` արտահերթ խորհրդարանական ընտրություններով ԱԺ ձեւավորելուց հետո` մինչեւ Կառավարության կառուցվածքի ձեւավորումը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատանքից ազատման դիմումը չի եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց սահմանադրագետ Վարդան Այվազյանից պարզել՝ Արարատ Միրզոյանի կողմից խախտում եղել է, թե ոչ։
«Նա փոխվարչապետ եղել է մինչեւ Ազգային ժողովի նոր ընտրություններ։ Նա պաշտոնակատար լինելուց հետո ԱԺ նախագահ է դարձել նոր ընտրություններից հետո։ Այսինքն`ընտրություններից հետո պարզապես նոր կառավարության կազմում չի եղել։
Եվ այս դեպքում ազատման որեւէ դիմումի մասին խոսք լինել չի կարող, քանի որ նա մեխանիկորեն նոր ընտրություններից հետո պատգամավոր է ընտրվել, հետո նոր վարչապետ է ընտրվել, որն էլ նոր կառավարություն է ձեւավորել», – նշեց սահմանադրագետը։
Հետաքրքիր է, որ ընդդիմադիր շրջանակից ոչ ոք չի շտապել մեղադրել Արարատ Միրզոյանին միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու մեջ, իսկ իշխանական պատգամավորներն էլ դա կապում են Հրայր Թովմասյանի պատմության հետ։