Նոյեմբերի 5-ին չինական Շանհայ քաղաքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականությունը և ինովացիոն զարգացումը. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք ու պարոնայք,
Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել տնտեսական զարգացման, մարդու բարեկեցության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում: Համոզված եմ, որ երկրի առաջխաղացումը ապագայում կշարունակվի` նպաստելով իր քաղաքացիների և աշխարհի համար լրացուցիչ արժեքի ստեղծմանը:
Հարգելի՛ գործընկերներ,
Մարդկության պատմությունը մշտապես մրցավազք է եղել տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի հասնելու համար: Առաջին անգամ այս մրցավազքը ավելի շատ հնարավորություններ է ստեղծում, քան վտանգներ և անվտանգության երկընտրանքներ չի առաջադրում: Մի պետության նվաճումը մյուսի պարտությունը չէ: Ինովացիաների և տեխնոլոգիական առաջխաղացման մրցավազքը բերում է մասսայական գիտելիքի ստեղծմանը, որը խելացի կերպով օգտագործվելու դեպքում կարող է օգտակար լինել բոլորի համար:
Քաղաքակրթության զարգացման այս փուլը պատմական էվոլյուցիայի հերթական հանգրվան չէ, այլ հեղափոխական ցատկ, որը տանում է դեպի մի նոր աշխարհ: Սա վերափոխման գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կազատվեն առօրյա ձանձրալի աշխատանքից: Արհեստական բանականությունը և այլ բեկումնային տեխնոլոգիաները զգալիորեն կմեծացնեն մեր կարողությունները և հնարավորություն կտան կենտրոնանալ ստեղծարար գործունեության վրա:
Զարգացման ներկա փուլը յուրահատուկ է նաև նրանով, որ տեխնոլոգիան հանդես է գալիս որպես հնարավորությունները հավասարեցնող գործիք: Չնայած ինովացիան մշտապես եղել է հեռատես և փոփոխություններ բերող մարդկանց ապրելակերպը՝ այն սովորաբար նպաստել է միայն սահմանափակ երկրների զարգացմանը: Այժմ, բոլորը հնարավորություն ունեն քաղել արհեստական բանականության օգուտները: Թե՛ Չինաստանի նման մեծ պետությունները, թե՛ Հայաստանի նման փոքրերը համաշխարհային էկոհամակարգին առաջարկելու բան ունեն և մենք պետք է նպաստենք, որպեսզի յուրաքանչյուր պետություն իր տեղը գտնի: Ավելին, որևէ պետություն միայնակ չի կարող ամբողջությամբ օգտագործել արհեստական բանականության տված հնարավորությունները, քանի որ հաջողության բանալին ոչ միայն ֆինանսական և մտավոր կարողություններն են, այլև ցանցերը. մարդկանց ու գաղափարների ցանցերը, որոնք սփռված են ամբողջ աշխարհով մեկ:
Այս համաշխարհային գործընթացների մաս կազմելով՝ Հայաստանը մեծ մարդկային կապիտալով փոքր պետության հրապուրիչ օրինակ է, որը օգտագործում է թվային դարաշրջանի հնարավորությունները: Մենք արտադրում էինք Խորհրդային միության պաշտպանական արդյունաբերության կողմից օգտագործվող միկրոէլեկտրոնիկայի 30%-ը՝ բնակչության ընդամենը 1,5%-ը կազմելով: Սա այն ամուր հենարանն է, որի վրա հիմնվելով` 21-րդ դարում նորացնում ենք մեր ներուժը և պատրաստվում տեխնոլոգիական ցատկին՝ զարգացող երկրից դեպի զարգացած երկրի կարգավիճակ:
Մենք ընտրել ենք արհեստական բանականությունը և տվյալագիտությունը մեր վերելքը առաջնորդելու համար: Նվազ կապիտալատար լինելով քան բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) այլ խոշոր ոլորտները՝ արհեստական բանականությունը և տվյալագիտությունը հնարավորություն են ընձեռնում համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակի հասնել: Այսօր կարող ենք հպարտորեն նշել, որ հայկական «Picsart», «Renderforest», «2Hz», «SuperАnnotate» և այլ ընկերությունները արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում նոր խոսք են ասում:
Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ուղու սկզբում ենք գտնվում: Տեխնոլոգիական վերափոխման գործընթացը արագացնելու համար մենք պետք է կառավարությունը դիտարկենք ոչ միայն որպես ինովացիաներն օգտագործող և խթանող, այլ նաև որպես ինովացիաներ ստեղծող: Այդ իսկ պատճառով Հայաստանի ունի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը ոլորտի զարգացման նպատակային քաղաքականություն է մշակում: Նշեմ նաև, որ ինովացիոն քաղաքականությունը չի գործում վակուումում, այն պահանջում է հատուկ կանոնակարգեր և ենթակառուցվածքներ:
Առաջին հերթին խոսքը կրթության մասին է: Կրթական համակարգում մեծ կարևորություն ենք տալիս բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտի առարկաներին, ինչի մասին են վկայում, օրինակ, դպրոցների մեծամասնությունում ինժեներական լաբորատորիաների առկայությունը և երկրի ութ համալսարաններում «STEM» ոլորտի մասնագիտությունների առկայությունը: Ավելին, որդեգրելով կլաստերային մոտեցում` հիմնել ենք տեխնոպարկեր և ինժեներական քաղաք, ինչպես նաև պլանավորում ենք ինովացիոն թաղամասեր ստեղծել: Այս ամենի արդյունքում նպատակ ունենք միանալ աշխարհի ամենաինովացիոն երկրների ցանկին:
Հարգելի՛ գործընկերներ,
Վերափոխման ճանապարհին մենք աշխարհն ընկալում ենք ելնելով հաղթանակ-հաղթանակ մոտեցումից, այսինքն՝ մեկի ձեռքբերումը մյուսի կորուստը չէ: Կարծում եմ, որ համաժողովը հիանալի հնարավորություն է քաղաքականություն մշակողների, գործարարների և տեխնոլոգիական առաջնորդների համար միմյանց հետ փորձառությամբ կիսվելու համար:
Համաժողովը նաև լավ հնարավորություն է հանձնառություն ստանձնելու առ այն, որ ֆինանսական, մտավոր և սոցիալական կապիտալը պետք է օգտագործվի` զարգացման ինովացիոն և բոլորի համար շահավետ համաշխարհային օրակարգ սահմանելու համար: