«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործարար Փայլակ Հայրապետյանի թոռը ի վիճակի չէ ցուցմունք տալ եւ գտնվում է հիվանդանոցում, իսկ, ահա, նրա հետ մեքենայում եղած անձը իրավապահներին ցուցմունք է տվել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` 56-ամյա տղամարդը ցուցմունք է տվել` հայտնելով, որ ինքը չի տեսել, թե ովքեր են եղել մեքենայում, իր համար կատարվածը անսպասելի էր, եւ անգամ չունի կասկածներ, թե ովքեր կարող էին իրենց վրա կրակել:
Նշենք, որ 2019թ. նոյեմբերի 1-ին հետապնդել են Երեւանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռանը` 29-ամյա Փայլակ Հարապետյանին, եւ 9մմ տրամաչափի հրազենից 4 կրակոց են արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` դիմել են փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ըստ որի` 29-ամյա երիտասարդը եւ 54-ամյա տղամարդը տուժող են ճանաչվել: Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` 29-ամյա երիտասարդը Փայլակ Հայրապետյանն է, որը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երեւանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ երիտասարդի հայրն էլ` Հովիկ Հայրապետյանը, Երեւանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։