Նախօրեին ՀՅԴ ՀԵՄ-ի կենտրոնական վարչությունը հայտարարություն էր տարածել, թե պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ-ն առաջիկա օրերին պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկսել նախարարի դեմ: Ավելին` ՀՅԴ-ական մեր աղբյուները փոխանցում են, որ նախարարին տհաճ սյուրպրիզ են պատրաստել:
Մեր տեղեկություններով` նոյեմբերի 7-ին` հայրենի կառավարության նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնելու: Մեր տեղեկություններով` ՀՅԴ-ն շատ ծանր է տարել Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե գոնե ՀՅԴ-ն չպետք է կրթությունից խոսի:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՅԴ ՀԵՄ-ի կենտրոնական վարչության հայտարարության, պատճառն է դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը, բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը: ՀՅԴ երիտասադական թեւը պահանջել է, որ մինչեւ հինգշաբթի օրը Հարությունյանն այլեւս չլինի նախարար: Բայց, կարծես թե, Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում զիջումների գնալ:
Ավելին` նախօերին «Ազատություն» ռ/կ-ում հայտարարել է, թե «Ով ով խոսի կրթությունից եւ այս ոլորտից, «Դաշնակցությունը» եւ դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու, ես նկատի ունեմ տեղի դաշնակցական կառույցին, որովհետեւ արտասահմանում դաշնակցականների հետ շատ արդյունավետ համագործակցում ենք: Եթե որդեգրել էի, որ Լեւոն Մկրտչյանի եւ նրա գործընկերների բերած ավերածությունները կրթության ոլորտումչէի հանրայնացնելու, այս հայտարարությունից հետո ցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը»:
Այս հայտարարությունը ՀՅԴ-ականներին ավելի է կատաղեցրել, ինչի համար արդեն որոշում կա նախարարի դեմ հստակ քայլեր ձեռնարկել եւ ամենօրյա ռեժիմով պահանջել նախարարի հրաժարականը: Մեր տեղեկություններով` ՀՅԴ-ականները այս օրերին ծրագիր են մշակել, թե երբ ինչ գործողություններ են իրականացնելու Արայիկ Հարությունյանին վարկաբեկելու համար:
Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, սակայն վերջինս ասաց, թե առաջիկայում կլինեն գործողություններ, կտեղեկանաք:
Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ