Պարզվում է` Նոր Հայաստանում եւս թավշյա հեղափոխությունից հետո կան պետական պաշտոնյաներ, որոնք իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացրել են սխալ կամ որեւէ խախտում են թույլ տվել: Ըստ այդմ, ամբողջ 2019 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 294 գործի վարույթ:
Դրանք բոլորը վերաբերել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ իրենց գույքի, եկամուտների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու կամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու պատճառով:
Ըստ այդմ, 2019 թվականին կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին 139 որոշում, որից 124-ը` նախազգուշացում եւ 15-ը` տուգանք կիրառելու մասին,իսկ 155 գործի վարույթ կարճվել է: Չնայած Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տվյալներ հրապարակելիս անուն չինշում` դա համարելով անձնական տվյալ, սակայն ընդհանուր առմամբ առկա են տվյալներ, թե որոլորտի ներկայացուցիչներին են վերաբերում այդ 294 վարչական վարույթները: Ըստ այդմ, 294 վարույթներից 57-ը վերաբերում է հարկային եւ մաքսային ծառայողներին, 50-ը` քննիչներին, նույն չափով խախտում են թույլտվել համայնքային պաշտոն զբաղեցնող անձինք:
Պարզվում է, սակայն, որ պատգամավորներն էլ հետ չեն մնում խախտումների քանակով, եւ 2019 թվականին գրանցված 294 խախտումներից 31-ը վերաբերել է հենց պատգամավորներին, իսկ 21-ն էլ` դատավորներին: Մյուսոլորտների ներկայացուցիչները համեմատաբար պարտաճանաչ են եղել (12 դատախազ, 8 ոստիկանության ծառայող, 4 ԴԱՀԿ ծառայող եւ այլն):
Ընդ որում, այդ 294 խախտումներից 238 վարույթը կատարվել է այս տարվա առաջին կիսամյակում: Այդ 238-ից 61-ը վերաբերել է պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը խախտմամբ ներկայացնելու, անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հատկանիշներով: Ըստ այդմ, առաջին կիսամյակում կայացվել է վարչական տույժ կիրառելու վերաբերյալ 42 որոշում, իսկ գործի վարույթը կարճելու մասին` 19 որոշում:
Իսկ հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու հատկանիշներով 2019 թվականի հունիս ամսին հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 177 գործի վարույթ: Կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին 83 որոշում:
Հետաքրքիր է, որ ամբողջ 2018 թվականի ընթացքում պաշտոնյաների կողմիցուշ ներկայացված հայտարարագրերի թիվը կազմում է 2002, որը ամբողջ հայտարարագրերի 18 տոկոսն է եղել: 2018 թվականին պաշտոնի ստանձնման հայտարարագիր չի ներկայացրել 32 պաշտոնյա, իսկ դադարեցման հայտարարագիր` 112-ը: 2018 թվականին ընդհանուր առմամբ հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի 419 վարույթներ, որոնցից 256-ը եղել է օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար, 151-ը` սխալ տվյալ ներկայացնելու համար,իսկ 12-ը` հայտարարագրի լրացման կարգի խախտման առերեւույթ հատկանիշներով:
Ըստ այդմ, 219 պաշտոնատար անձ ենթարկված է եղել նախազգուշացում վարչական տույժի, 68-ի նկատմամբ կիրառվել է տուգանք, 122-ի դեպքում գործը կարճվել է, 8-ի դեպքում էլ` կասեցվել:
2018 թվականին 419 վարույթներից 37-ն է վերաբերել պատգամավորներին` ի տարբերություն այս տարվա 31-ի: Այս տարվա 50 քննիչների փոխարեն նախորդ տարի թիվը 98-ն էր, եւ նույն 50-ի փոխարեն նախորդ տարի հարկային եւ մաքսային ծառայողների թիվը 93-ն էր:
Իսկ, օրինակ, 2017թ. տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք: Տարեկան հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց թվում են եղել արտակարգ եւ լիազոր դեսպաններ, Քննչական կոմիտեի ծառայողներ, Զինվորական դատախազության, ՊԵԿ-ի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ, այդ թվում նաեւ՝ դատավորներ:
Նաիրա Հովհաննիսյան