Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը շարունակում է անլուծելի մնալ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերին ավարտվում է ՀՊ անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը, եւ պետք է նոր անդամ ընտրվի: Սակայն երեկվա դրությամբ արդեն երկրորդ անդամի թեկնածությունը մերժվեց:
Մասնավորապես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջարկել էր Սամվել Եղիազարյանի թեկնածությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ներկայումս աշխատում է Երեւանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնում, ունի տնտեսագիտական կրթություն, 2000-2002թթ. ծառայել է հայկական բանակում։
Սակայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում 1 կողմ, 1 ձեռնպահ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները դեմ քվեարկեցին ՀՊ-ի անդամի պաշտոնում Սամվել Եղիազարյանի թեկնածության առաջարկին։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս էլ նույն հանձնաժողովի անդամները մերժել էին Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանի թեկնածությունը, եւ իշխանական պատգամավորները կարծիք էին հայտնել, թե թեկնածուն լուսավոր կենսագրություն չունի եւ արժանի չէ այդ պաշտոնին։
Համեմատության համար նշենք, որ Կարեն Սարգսյանն աշխատել էր ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, 2000-2001 թվականներին եղել է ՊԵԿ վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001 2006թթ.՝ Պետական գնումների գործակալությունում աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչօրս ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնի վարիչն է: