ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս:
Այս կտրոններով արձանագրված առեւտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առեւտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ:
Նաեւ այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ:
Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը եւ ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները: