Դա ցույց է տալիս հայ ժողովրդի հզորությունը. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Հունաստանի նախագահին դիմավորեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Շրջայցի ընթացքում Պրոկոպիոս Պավլոպուլոսին ներկայացվեցին ցուցասրահներում ցուցադրված ձեռագրերի նմուշները: Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը կիսվեց իր տպավորություններով:

Նա նշեց, որ ձեռագրերի այս կենտրոնը շատ արժեքավոր թանգարան է: «Այն ներկայացնում է ոչ միայն հայկական, այլ մարդկային մշակույթը:

Տեսնում ենք հայոց լեզվի, հայոց գրերի ճանապարհը, թե ինչքան տպավորիչ է: Այն, ինչ այստեղ տեսանք մեծ ներդրում է ընդհանուր մարդկության մշակույթում: Հայերենը, հայ գրողները նպաստեցին, որ թարգմանվի հունական գրականությունը: Այս թանգարանը մեծ կարևորություն ունի: Այդ իմաստով, կարծում եմ, որ Մատենադարանն ընդհանուր մարդկության մշակույթի կենտրոն է:

Ինձ հուզեց այն մեծ ձեռագիրը, որ ձեր նախնիները ցեղասպանության ընթացքում դուրս են բերել և փրկել ոչնչացումից: Նրանք ամեն ինչ արել են, որ այդ վայրագություններից փրկեն ձեռագրերը: Դա ցույց է տալիս հայ ժողովրդի հզորությունը»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասաց Հունաստանի նախագահը:

 




Լրահոս