«Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակվել էր հոդված այն մասին, որ արդեն նոյեմբերի 1-ին շաբաթը վերջանում է, բայց Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր այն ստանալ հոկտեմբերի վերջին:
Քիչ առաջ ՀՀ Առողջապահության նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարկման հետքերով պարզաբանմամբ հանդես եկավ, որտեղ նշված է հետեւյալը. «Հայցում ենք Ձեր ներողամտությունը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար: Պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը եւ առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը»:
Արձանագրենք, որ առողջապահության նախարարությունը հանրությանը դարձյալ թողնում է անորոշության մեջ, քանի որ պարզաբանման մեջ էլ նշված չէ, թե կոնկրետ երբ այդ պատվաստանյութերը կլինեն բուժհաստատություններում: Հետաքրքիր է, եթե «Ժողովուրդ» օրաթերթը չանդրադառնար գրիպի պատվաստանյութերի «դեֆիցիտին», նախարարությունը հանրությանը կիրազեկե՞ր, ներողություն կխնդրե՞ր ուշացման մասին:
Ի դեպ, նախարարության պարզաբանման մեջ նշված է նաեւ, որ այս եւ նախորդ («Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ անցած տարում ՀՀ-ում մեկ ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել) սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ. նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին:
Ըստ առողջապահության նախարարության՝ սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, եւ Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Պարզվում է, որ սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձեւավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար: Ինչեւէ: Հուսանք՝ առողջապահության նախարարությունը կարճ ժամանակահատվածում կկազմակերպի գրիպի պատավստանյութերի բաշխման գործընթացը եւ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան պատվաստվել: