Հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրվել․ ինչ է մանրամասնում Արգիշտի Մեխակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել:

Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» նախագիծն է, որը պետք է ներկայացնի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչեւ այժմ նախարարին չի հաջողվում խորհրդարանի երեք խմբակցություններից վերջնական դրական պատասխան ստանալ նախագծի վերաբերյալ, քանի որ երեք խմբակցության ներկայացուցիչներն էլ նախագծում առկա տարբեր դրույթների առնչությամբ վերապահումներ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին այս նախագծի հետ կապված խորհրդարան է գնացել, այս անգամ հանդիպում է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Ու, ըստ մեր տեղեկությունների, այս խմբակցությունում եւս գրկաբաց չեն ընդունել նախարարի նախագիծը, ավելին` ներկայացրել են պահանջները, որոնք պետք է ներառվեն: Նախարարն էլ հստակ չի ասել, որ պատրաստակամ է ինչ-որ փոփոխություններ կատարել, ինչի համար էլ ընդդիմադիր խմբակցությունը վերջնական պատասխան չի տվել:

Հիշեցնենք, որ նախարարը նոյեմբերի 1-ին հանդիպում էր ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ, ովքեր եւս նախարարին նախագծի վերաբերյալ դրական տեսակետ չեն ներկայացրել, իսկ ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա այնտեղ եւս ընդդիմացողները շատ են:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հետ:

-Պարո՛ն Մեխակյան, ձեր հանձնաժողովում արտահերթ նիստ է հրավիրվել, որի ժամանակ պետք է քննարկվի հակածխախոտային նախագիծը: Ի՞նչ որոշում եք կայացրել, արդյոք կո՞ղմ եք նախագծին, ի՞նչ փուլում է հարցը:

-Մենք հանդիպում ենք ունեցել արտադրողների հետ, դրանից առաջ նախարարության աշխատակիցների հետ ենք ունեցել հանդիպում, բիզնես սեկտորի հետ ենք հանդիպում ունենալու, դրանց արդյունքում արդեն որոշում կկայացնենք: Բնական է` ներմուծողներն ու արտադրողները, որպես այդպիսին, համաձայն չեն, բայց ռեստորանային բիզնեսով զբաղվողները մեծամասամբ համաձայն են: Եթե բոլոր փակ տարածքներում արգելվում է, հավասար պայմաններ են ստեղծվում, ապա իրենք որեւէ խնդիր չեն տեսնում: Մենք պետք է համակողմանի հարցը նայենք, մի կողմից` կարող են բյուջեում մուտքերը կրճատվել, բայց մյուս կողմից էլ առողջ սերունդ ունենալու հետ կապված սա դրական միտում է:

-Բայց հանձնաժողովում ի՞նչ միասնական դիրքրոշում ունեք, արդյոք դրական եզրակացությո՞ւն է տրվելու նախագծին:

-Ավելի շատ դրական է, մենք ժամանակ ենք ուզում հարցն ավելի խորությամբ ուսումնասիրելու համար, բոլոր խնդիրները վեր հանենք: Ու կոնսենսուս ունենք առողջապահության ոլորտի գերատեսչության հետ, որ կլինեն հարցեր, որոնք պետք է կառուցողական մթնոլորտում քննարկվեն, միգուցե որոշակի փոփոխությունների ենթարկվեն որոշակի դրույթներ:

-Արդյոք Առողջապահության նախարարությունը զիջումների պատրա՞ստ է գնալ:

-Մենք պատասխան ենք ստացել, որ կլինեն զիջումներ, եթե դրանք քննարկվեն առարկայական ու ավելի խորությամբ: Եթե որոշակի դրույթներ քննարկվի, անհրաժեշտություն լինի փոխելու, ապա կլինեն: Եթե առաջին ընթերցումով անգամ նախագիծն անցնի, ապա երկրորդ ընթերցում մենք բավականին ժամանակ ունենք, որպեսզի եւս մեկ անգամ այն կետերի շուրջ, որը խնդիր կա, ուսումնասիրենք, քննարկենք ու փոփոխություն կատարենք: Ամեն ինչ պարզ կլինի առաջիկայում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս