Երևանի պետական համալսարանում դասավանդվող առարկաների օպտիմալացման և արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքների շրջանակում նախատեսվում են աշխատակիցների կրճատումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Վերջին 20-25 տարում մեզանում եղել է հետևյալ հիվանդությունը. Եթե կա այսինչ մասնագիտությունը, տրոհենք երկու մասնագիտության` իրար շատ նման, մեկում ժամերը տանենք առաջ, մյուսում` հետ, ասենք` տարբեր ծրագրեր են, որ ժամերը շատանան: Այդպիսի շատ մասնագիտություններ կան համալսարանում: Պետք է դրանք օպտիմալացնել»,- ասաց Գևորգյանը:
«Արմենպրես»-ի ճշտող հարցին ի պատասխան, թե արդյոք այս օպտիմալացման արդյունքում կրճատումներ կլինե՞ն, ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ` անշուշտ:
«Հիմա դժվար է ասել, թե ինչ կրճատումների թվաքանակի մասին է խոսքը: Կախված կլինի, թե ինչքանով կկարողանանք օպտիմալացնել: Եթե անգամ մենք դա չանենք, բայց չնպաստենք երիտասարդ գիտնականների մուտքին համալսարան, ապա բնական ճանապարհով մեկ է այդ կրճատումները լինելու են»,- նշեց նա: