ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակներում Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում կազմակերպել է քննակում
«Երկխոսություն հանդուրժողականության մասին» խորագրով, որի նպատակն է ամրապնդել ԱՄԷ-ի դերը որպես հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք՝ ընդգծելով էմիրաթական իշխանության
պատրաստակամությունը ողջ աշխարհում բարգավաճում ու խաղաղություն հաստատելու գործում։
Քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին և դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ Սալամին, ինչպես նաև ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, կենտրոնական
գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, դասախոսներ, ուսանողներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Արևելագիտության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ պրոռեկտորը՝ բարձր
գնահատելով դեսպանատան նախաձեռնությունը և մատնանշելով Էմիրությունների դերը խաղաղ համակեցության և հանդուրժողականության արժեքներն ամրապնդելու գործում։ Իր հերթին ԱՄԷ դեսպանը կարևորել է համագործակցությունն Արևելագիտության ֆակուլտետի հետ և հայտնել, որ Շարժայի համալսարանը հետաքրքրություն է ցուցաբերել ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ, հատկապես ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելով։ Ապա անդրադարձել է ԱՄԷ-ում հանդուրժողականության քաղաքականությանը՝ նշելով, որ այն սկիզբ է առել երկրի հիմնադիր Շեյխ Զայեդի գաղափարախոսությունից և համարվում է ժողովուրդների երջանկության, երկրների կայունության և հասարակությունների կառուցման հիմնական արժեքը, ինչպես նաև կարևորել է դրա դերը մշակույթների, ազգերի, կրոնների միջև փոխըմբռնման, ծայրահեղականության բացառման և բազմակարծության խթանման մեջ։
Քննարկման ընթացքում դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ Սալամին ներկայացրել է ԱՄԷ-ում
հանդուրժողականության դրույթներն ու ռազմավարությունը, «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում կազմակերպված միջոցառումները։
Իր հերթին Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նման գեղեցիկ
նախաձեռնության համար՝ նշելով սիրո, հանդուրժողականության և խաղաղության տարածման հարցում իսլամի և քրիստոնեության դրույթների նմանությունները։