Բնական ճանապարհով լույս աշխարհ եկած եռյակն ու նրանց մայրիկը դուրս են գրվել հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատնից դուրս են գրվել մեկ ամիս առաջ ծնված եռյակն ու նրանց մայրը` Աննա Վարդանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, 26-ամյա Աննան 7 տարի շարունակ երեխա չի ունեցել: Հետազոտվելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մասնագետների կողմից, որոշ բուժական միջամտություններից հետո բնական ճանապարհով հղիացել է: Մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը նշում է. «Բազմապտուղ հղիությունը մեծ ռիսկայնություն ունի և լավ արդյունքին հասցնելու համար հղիից և բուժանձնակազմից ահռելի ջանքեր է պահանջում: Ընդգրկել ենք նաև բոլոր նեղ մասնագետներին, որոնց միջամտության ու խորհրդատվության կարիքն ունեցել է Աննան: Աշխարհում վիճակագրության համաձայն եռյակները լույս աշխարհ են գալիս հիմնականում հղիության 34-35 շաբաթականում»: Մանկաբարձ-գինեկոլոգ Մոնիկա Միրզոյանն էլ հավելում է, որ ծննդաբերությունից առաջ վերջին մեկ ամիսը ծննդկանը մնացել է հիվանդանոցում` հասնելով 34 շաբաթականի, ծննդալուծման ամենաօպտիմալ ճանապարհը կեսարյան հատումն է ընտրվել:

Երեխաները ծնվել են նորմալ քաշով` 1 կգ 620 գրամ, 1 կգ 800 գրամ և 2 կիլոգրամ 30 գրամ ու մինիմալ խնդիրներով: Ծնվելուց հետո ևս մեկ ամիս անց են կացրել ծննդատանը: Բժիշկները նշում են, որ երեխաները առողջ են, քաշ են հավաքել, իսկ այդ ընթացքում բուժանձնակազմը նորաթուխ մայրիկին պատրաստել է երեք երեխաների խնամքին` սովորեցնելով կերակրման և նորածիններին առնչվող նրբություններ:

Աննա Վարդանյանը նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ, երբ պարզվեց, որ եռյակ են ունենալու, ամուսինն ու բժշկուհին շոկի մեջ էին: Ամեն ինչ, սակայն, անցյալում է, ուրախ մայրիկը շնորհակալություն է հայտնում բուժանձնակազմին` նշելով, որ տատիկներին ու պապիկին էլ չեն մոռացել, երեխաներին կոչել են նրանց անուններով` Գոռ, Ռոզի, Գայանե:




Լրահոս