ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան է բնակչության թիվը. Հայաստանը լքել է 11700 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պաշտոնապես նվազել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 11 հազար 700-ով:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար 500 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 969 հազար 200 էր:

Այսինքն` այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 11 հազար 700-ով է պակասել:

Նկատենք, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2 մլն 962 հազար 100, ինչը, փաստորեն, հոկտեմբերի 1-ի դրությամբ պակասել է` հասնելով 2 մլն 957 հազար 500: Այսինքն` վեց ամիսների ընթացքում նվազել է 4600-ով: Սա խիստ մտահոգիչ փաստ է ու թերեւս լուրջ մարտահրավեր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չիկոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում:

Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2300-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 2300 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է, չնայած զարմանալի չէ, քանի որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը տեւական ժամանակ է`չի շահագործվում: Գործարանի փակմանհետեւանքով գործազուրկ է դարձել 650 քաղաքացի: Միայն Արագածոտնի մարզում 2300-ով նվազել է բնակչության թիվը:

Մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում բնակչության քանակը նվազել է 3300-ով: Սրան զուգահեռ նկատենք, որ Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում: Փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս