Վերադարձ Անկախության հռչակագրի պահանջներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր պետության ստեղծման ակունքներում եղել է ՀՀ Անկախության հռչակագիրը: Ընդ որում, Հռչակագիրը մեր անկախության տարիների այն հազվագյուտ փաստաթուղթն է, որ նորն ընդունելի է եղել թե՛ Հայաստանի ու Արցախի բնակչության, թե՛ սփյուռքահայության, թե՛ Հայաստանում ու սփյուռքում գործող քաղաքական ուժերի կողմից:

Հիշեցնենք, որ Հռչակագիրը այն փաստաթուղթն էր, որի հիման վրա եւ որի ոգով ստեղծվելու էին ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը: Այսինքն` Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացման համար Հռչակագիրը պետք է լիներ ուղենշային փաստաթուղթ (ինչպես նշված է Հռչակագրի 12-րդ կետում):

Սակայն հետագայում թե՛ իրականացվող քաղաքականությունը, թե՛ Սահմանադրությունն ու օրենսդրությունը չեն պահպանել Հռչակագրի ներքին տրամաբանությունը, իսկ ՀՀ բոլոր իշխանությունները վարել են այնպիսի քաղաքականություն, որը տարբերվել է Հռչակագրի նախանշած ուղուց եւ արտացոլել է իշխող քաղաքական ուժի աշխարհընկալումը, շահերն ու ակնկալիքները (հիմնական ակնկալիքը եղել է վերընտրվելու եւ իշխանությունը պահպանելու ձգտումը):

Բնականորեն դա չէր ընկալվելու հասարակության կողմից ու բերելու էր հասարակության եւ իշխանական վերնախավի միջեւ օտարության ու թշնամանքի մթնոլորտի ստեղծման, ինչը եւ տեղի է ունեցել ՀՀ բոլոր իշխանությունների կառավարման ընթացքում:

Իսկ հասարակության կողմից մերժվող, չընդունվող իշխանությունները, որպես կանոն, իրենց իշխանությունը սկսում են օգտագործել սեփական թիմի համախոհների բիզնես պոտենցիալը աճեցնելու համար` հասկանալով, որ դա լինելու է հետագայում վերընտրման հնարավորությունը ապահովող լծակներից մեկը:

Ես չեմ անդրադառնում տնտեսվարման գործառույթներին, որտեղ ամեն ինչը շրջվել է գլխիվայր եւ բացարձակապես չի համապատասխանում Հռչակագրի փիլիսոփայությանը, որտեղ մենք փորձում ենք նմանվել ուրիշներին, ներմուծել ինչ-որ տնտեսվարման մոդելներ` հայտարարելով, որ դրանք իրենց լավ լինելը ապացուցել են այլ երկրներում, մոռանալով, որ այն, ինչը լավ է Եվրոպայում, Ռուսաստանում կամ Ամերիկայում, կարող է չհամապատասխանել մեր աշխարհընկալմանը եւ մեզ մոտ լինի ոչ արդյունավետ:

Հայ լինելը մեր ճակատագիրն է: Պետություն ստեղծելը մեր ձեռքբերումն է: Իսկ Անկախության հռչակագիրը այն հիմքն է, որի վրա մեր պետությունը կառուցվելու, զարգանալու եւ հզորանալու է:

Ինչո՞ւ: Որովհետեւ Անկախության հռչակագիրը պետությանը, քաղաքացուն եւ հայությանը դիտարկում է որպես մեկ համակարգ` իր ինքնապահպանման, աճի ու զարգացման հատկանիշներով:

Ինչպես ուրվագծված է Հռչակագրում, Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է բերվեն երկկողմանի շահերի եւ պարտավորությունների հարթություն, քանի որ միայն համաժողովներով, բիզնես ներդրումների պայմաններ ստեղծելով եւ ցանկությունների դաշտում գործելով` լուրջ արդյունքներ եւ մեծ արդյունավետություն ակնկալելը լուրջ չէ:

Այդկերպ մենք կարող ենք մեր հարաբերությունները կառուցել բոլոր պոտենցիալ ներդրողների հետ` անկախ այն բանից` նրանք հայ են, թե ոչ: Սփյուռքին պետք է վերաբերվել որպես սեփական մարդկային ռեսուրսի, ինչպես նախատեսում են Հռչակագիրը եւ մեր կողմից մշակված փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերը:

Իհարկե, եթե մենք սկսում ենք դիտարկել սփյուռքը որպես սեփական մարդկային ռեսուրս, ապա ունենալու ենք որոշակի հոգսեր, պարտավորություններ, նաեւ ֆինանսական խնդիրներ, սակայն դա այն ճանապարհն է, որով սփյուռքի քաղաքացին տեսնելու է, որ մենք ոչ միայն հետաքրքրված ենք իրենով, այլ նաեւ պատրաստակամ ենք իր հոգսերը լսելու, այլ նաեւ իր շահերը համարելու ենք մերը: Բնական է, որ այդպիսի աշխատանքի իրականացումը պետք է լինի սփյուռքի ներուժը կազմակերպելու եւ ուղղորդելու միջոցով, իսկ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները:

Քանի որ սփյուռքում կան նաեւ որոշակի գործող միավորներ` քաղաքական ուժերի, հայրենակցական միությունների, բարեգործական միությունների տեսքով, որոնց բոլորի կողմից Անկախության հռչակագիրը եղել է ողջունելի, Հռչակագրին վերադարձը հնարավորություն կստեղծի մեր կողմից մշակված փաստաթղթի 3 և 4 կետերում նշված փիլիսոփայության ներարկման սփյուռքահայության շրջանում:
Իհարկե ես հասկանում եմ, որ դրա համար պետք է թե՛ անելիքային լուրջ ծրագրի մշակում, թե՛ քարոզչական մեծածավալ աշխատանքի իրականացում, թե՛ հայկական գաղթօջախներում մշտապես գործող անձանց ու խմբերի ստեղծում, թե՛ մեր արտաքին քաղաքական գերատեսչության խնդիրների ու նպատակների վերանայում:

Ընդ որում, մեր արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական գործառույթներից մեկը պետք է դառնա այն, որ բոլոր հարթակներում ներարկվի այն գաղափարը, որը մենք ձեւակերպել ենք մեր կողմից մշակված փաստաթղթի 3-րդ կետում: Դրա համար հարկ եղան առավել նուրբ ձեւակերպումներ (մշակութային ինքնության պահպանում եւ այլն), որոնք, կարծում եմ, հնարավոր եւ հեշտ կլինի միջազգային հարթակներում մատուցել:

Վարչապետը իր ելույթներից մեկում խոսում էր հայկական կապիտալի մասին: Ես կարծում եմ, որ այդ կապիտալի մեջ պետք է ներառել նաեւ այն մարդկային ներուժը, այն մտավոր պոտենցիալը, այն քաղաքական ներուժը, որը գործում է արտերկրում եւ սպասարկում է արտերկրյա շահերը: Մեր կողմից մշակված փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերում նշված քաղաքականության իրականացման դեպքում մենք հնարավորություն կունենանք ակնկալել հայկական կապիտալի ներհոսքին իր բոլոր ձեւերով:

Եզրակացություն

Անկախության տարիների մեր բոլոր իշխանությունները, անկախ իշխանության գալու ձեւից, իրենց իշխանավարման տարիներին վաստակել են հասարակության ատելությունը, որովհետեւ նրանք չեն պահպանել ՀՀ անկախ պետության ստեղծման հիմքում դրված փիլիսոփայությունը, որն արտահայտված է ՀՀ Անկախության հռչակագրում:

Այսօր ստեղծվել են բացառիկ հնարավորություն եւ բացառիկ բարենպաստ պայմաններ, որպեսզի հետագայում բացառվեն հասարակության եւ իշխող քաղաքական ուժերի հարաբերություններում օտարացումն ու թշնամանքը: Իսկ դրան հասնելու ճանապարհը իշխող քաղաքական ուժի կողմից Անկախության հռչակագրի դրույթների պահանջներին վերադարձն է` Հռչակագրին հակասող Սահամանադրության հոդվածների, օրենքների ու այլ փաստաթղթերի վերանայման գործընթացներ սկսելով:

Անկախության տարիների մեր բոլոր իշխանությունները սփյուռքը դիտել են մեր շահերի սպասարկման տեսանկյունից, որպես ֆինանսական ներարկումների ու ներդրումների, ինչպես նաեւ որոշակի հարցերում լոբբինգի ապահովման միջոց: Սակայն սփյուռքը ունի նաեւ իր շահերը, որը գնահատելու դեպքում այն կարող է դառնալ այնպիսի գործոն, որով Հայաստանը կհավակնի այնպիսի ցանցային կորպորացիա-պետության կարգավիճակի, որի կենսական շահերի տարածքները իր զբաղեցրած տարածքով չեն սահմանափակվում:

Հրայր Մելքոնյան




Լրահոս