«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք, որի շրջանակում ընթերցողին դատին է հանձնում հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կիսվում են իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Զառա Սահակյանն է:
-Զառա՛, ո՞ր տարիքից Ձեր մեջ ձեւավորվեց կինը:
-Երեւի մայր դառնալուց հետո ուրիշ գիտակցության եկա: Տարեցտարի զգում եմ, որ փոխվում եմ, ավելի կանացի եմ դառնում: Անգամ այս եւ նախորդ տարիների իմ հոգեվիճակի մեջ տեսնում եմ զգալի տարբերություն: Երեւի այդ ամենը կապված է նաեւ իմաստանալու հետ:
-Ձեր բնավորության առավելությունը, որը փրկում է կին-տղամարդ հարաբերությունը:
-Խնդիրներին հումորով մոտենալը: Բացի այդ, տարիների ընթացքում համբերատար եմ դարձել: Նախկինում ամեն ինչ միանգամից էի ուզում ունենալ: Հետո հասկացա, որ պետք է աշխատեմ ինձ վրա, դիմացինիս վրա, պետք է հանդուրժող լինեմ, սպասեմ, ժամանակ տամ, խոսքը վերածեմ գործի: Դարձել եմ գործի մարդ: Երբեմն մենք ասում ենք մի բան, բայց անում ենք այլ: Ես անելու վրա եմ կենտրոնացել, որ դիմացինս տեսնի՝ ասածս օդ չէ:
-Իսկ ունե՞ք այնպիսի հատկանիշ, որը խանգարում է ամուսնու հետ հարաբերություններում:
-Անուղղելի սենտիմենտալ եմ: Երբեմն այդ հատկությունը բթանում է, բայց որ այն կա, հաստատ է: Եվ հետո ես սովորել եմ ճիշտ վարվել իմ սկզբունքների հետ: Եթե նախկինում դրանք կտրուկ էին դրված, հիմա էլի կան, բայց դրանք չեն խանգարում, որպեսզի հարցերին տարբեր տեսանկյուններից նայեմ:
-Կանացի հատկությունները Դուք մեծ մասամբ ժառանգե՞լ եք, թե՞ կյանքի ընթացքում ձեռք եք բերել:
-Երկուսն էլ, չեմ կարող այդպես հստակ ասել: Կնոջ ձեւավորման հարցում մեծ դեր ունի նրա մայրը: Հիմնականում մայրիկների արժեքները կրում են նաեւ դուստրերը: Իմ պարագայում էլ այդպես է: Ես եւ մայրս շատ տարբեր ենք, բայց այն, ինչ իր համար արժեք է եղել, ինձ համար էլ է արժեք: Նախկինում ես կասեի, որ ես եւ մայրս շատ տարբեր ենք, եւ մենք մեկս մյուսիս հետ կապ չունենք: Հիմա կասեմ, որ էլի տարբեր ենք, բայց միեւնույն ուղղությամբ ենք նայում:
-Կուզենա՞ք դուստր ունենալ, զգալ մայր-դուստր հարաբերությունների յուրահատկությունը:
-Որդի ունեմ, եւ, իհարկե, կցանկանամ նաեւ դուստր ունենալ, բայց ես հատուկ չեմ պլանավորի: Պարզապես կուզեմ երկրորդ երեխան ունենալ:
-Հայաստանում լինել կին, մայր եւ բեմի մարդ բարդ չէ՞:
-Նախկինում շատ բարդ էր, բայց աստիճանաբար մարդկանց կարծրատիպային պատկերացումները փշրվեցին: Հիմա շատերը արդեն հպարտանում են, որ իրենց կինը բեմ է դուրս գալիս: Բայց տարիներ առաջ շատ կանայք երազում էին երգչուհի, դերասանուհի դառնալ, ամուսիններն արգելում էին, ճակատագրեր էին խեղվում: Հիմա մեր ասպարեզում շատ կհանդիպեք կանանց, որոնք հաջողությամբ համատեղում են կարիերան անձնական կյանքի հետ` ե՛ւ լավ արտիստ են, ե՛ւ լավ տնային տնտեսուհի, կին, մայր…
-Կենցաղում ինչպիսի՞ն եք:
-Խոհանոցն, օրինակ, իմ ամենասիրելի տեղերից չէ, բայց ես այնտեղ կարողանում եմ ինձ դրսեւորել: Գոնե օրումեջ որեւէ բան պատրաստում եմ: Կենցաղային գործերից տանել չեմ կարողանում արդուկելը: Սովորաբար արդուկելիս հաղորդում եմ դիտում, որպեսզի ժամանակն արագ անցնի:
-Քույրիկ ունե՞ք:
-Այո, հարազատ քույր ունեմ, որն արտերկրում է, նրա կարիքը շատ եմ զգում: Ես ծնողներիս առաջ պայման էի դրել՝ կա՛մ քույր էի ուզում, կա՛մ դաշնամուր, կա՛մ շուն: Ծնողներս հասկացան, որ ամենահավանականը քույրիկ պարգեւելն է (ծիծաղում է): Իսկապես, շատ էի ուզում քույր ունենալ: Մեր միջեւ ութ տարվա տարիքային տարբերություն կա: Երկու քույր ենք, մեկ եղբայր: Ես ավագ երեխան եմ:
-Իսկ ունե՞ք ամուսնու քույրիկ, ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:
-Այո, ունեմ, մեր միջեւ ընկերական հարաբերություններ են, ես նրան ամուսնու քույր չեմ ընկալում:
-Եվ վերջին հարցը՝ Ձեր կանացի երազանքը:
-Կցանկանամ՝ Աստծո հետ կոնտակտս այնքան պինդ լինի, որ հասկանամ իմ առաքելությունը, ի կատար ածեմ այն: Կուզենամ էգոս ինձ չխանգարի, եւ ես անեմ այն, ինչ պետք է անեմ: Երազում եմ նաեւ շատ երեխաների, մեծ ընտանիքի մասին: Կուզենամ լինել այնպիսին, ինչպիսին իմ մայրն է:
Աննա Բաբաջանյան