Այսօր ՀՖՖ գործկոմի նիստից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, խոսելով հավաքականի նոր մարզչի նշանակման շուրջ բարձրացած աղմուկի մասին, պարզաբանեց.
«Տեսնում եմ ինչ-որ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու հետաքրքրություն: Առհասարակ ինչ արվում է ընդդեմ ֆուտբոլի, չի արվում ընդդեմ Արթուր Վանեցյանի, այն արվում է ընդդեմ հայկական ֆուտբոլի:
Հայկական ֆուտբոլի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Եկեք բոլորս միավորվենք և փորձենք ունենալ լավ ֆուտբոլ:
Դուք տեսաք, որ մենք լուրջ հաջողություններ ունենք, որոնք շարունակվելու են: Մենք 2019 թվականին մարզերում կառուցել ենք 52 փոքր դաշտ, դրանք հանձնել ենք երեխաներին, որպեսզի այնտեղ պարապեն: Դա շարունակական է լինելու, ունենալու ենք հաղթանակներ ու ֆուտբոլ:
Հրաժարականից հետո աշխատում եմ որևէ հանրային հայտարարություններ չանել, մասնակցություն չեմ ունենում այս կամային իրադարձություններին, բայց իմ ցանկացած հանդիպում, երկրից մեկնում դառնում է քննարկման առարկա:
Դա հերիք չէ, իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամեն օր կեղծ լուրեր են տարածում իմ մասին, որոնք չեն հաստատվել:
Ես իհարկե մշտապես կարող եմ հանդես գալ հերքումներով, սակայն չեմ ուզում դա անել, որպեսզի հանգստանան ու շարժվեն առաջ: Ուղղակի ասեմ, որ տարածվող տեղեկությունները, որոնցով փորձ է արվում սևացնել ինձ, իրականության հետ կապ չունեն»: