«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի եւ Քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի միջեւ առկա հակամարտությունը նոր թափ է ստանում: Վահագն Վերմիշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հոկտեմբերի 22-ին հայտարարել էր. «Երկրում քարտեզագրում չի արվել: Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»: Դրան հաջորդեց Սարհատ Պետրոսյանի արձագանքը: «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Վերմիշյանի վերոնշյալ մեկնաբամությանը` Պետրոսյանն ասել էր. «Ես Վերմիշյանին լուրջ չեմ ընդունում, Վերմիշյանին լուրջ չեն ընդունում կառավարությունում, հենց իր ղեկավարած կոմիտեում եւ, ենթադրում եմ, տանն էլ լուրջ չեն ընդունում: Վերմիշյանը ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է, եւ ես կարող եմ դա ապացուցել… Եւ այդ մարդը այսօր կա, վաղը չկա: Ինքը պատահաբար է այդտեղ հայտնվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ երեկ առավոտյան զրուցեց Վերմիշյանի հետ: Նա ասաց, որ տեղյակ է Սարհատ Պետրոսյանի այդ որակումներից: «Լսել եմ, լսել եմ»,-ասաց Վ. Վերմիշյանը: «ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ պատասխան եք տալու Պետրոսյանին, Վերմիշյանն արձագանքեց. «Պատասխանն արդեն իրավապահ մարմինները կտան, ի՞նչ ասեմ…»: Կդիմի՞ Վերմիշյանը դատարան, թե՞ ոչ. պարզաբանեց. «Չի բացառվում, չեմ որոշել, հետո կիմանաք»:
«Ժողովուրդ» օրաթերթն օրվա ավարտին էլ Վերմիշյանից փորձեց ճշտել` կողմնորոշվել է արդյոք, կդիմի արդյոք դատարան: Նրա ցասումն արդեն իջել էր, մեղմացել էր ու հրաժարվեց մեկնաբանություններից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։