Տարրական խնդիրները չեն լուծվում մարզերում, բայց մենք խոսում ենք վեհ կրթամշակութային հարցերից. պատգամավորն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում հայտնում է.

Վեհ կրթամշակութային հարցեր ենք քննարկում, մինչդեռ մարզերում տարրական խնդիրներ չեն լուծվում. Ուսուցիչները չեն կարողանում դպրոց հասնել

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի խնդրով. ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի մի խումբ ուսուցիչներ, որոնք ահազանգում են, որ համայնքին սպասարկող և յուրաքանչյուր հինգշաբթի իրենց Ախպրաձոր տեղափոխող տրանսպորտային միջոցներն այլևս չեն աշխատում: Արդյունքում դասավանդելու նպատակով Ախպրաձոր համայնք հասնելը ուսուցիչների համար դարձել է օրհասական խնդիր, որի լուծումը խիստ ծախսատար է. իրենց աշխատավարձի «առյուծի բաժինը» նրանք ստիպված ծախսում են ճանապարհի վրա:

Իհարկե, ժամանակին գործել է կանոնավոր երթուղի՝ շաբաթվա ընթացքում 2 անգամ (երկուշաբթի և հինգշաբթի), և ուսուցիչները կարողացել են Լճավանից Ախպրաձոր հասնել: Սակայն դրանից ավելի ուշ Լճավանից Ախպրաձոր հասնելու համար թողնվել է միայն հինգշաբթի օրվա տեղափոխության հնարավորությունը: Չնայած սա էլ լրացուցիչ դժվարություն էր առաջացնում, այնուամենայնիվ, ուսուցիչները հարմարվել էին նաեւ այս գրաֆիկին և շարունակել աշխատել: Հիմա նոր փոփոխություններ են եղել, և տրանսպորտային ծառայությունն իսպառ վերացվել է:

Այս ահազանգի հետքով գրություն եմ ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և ստացել պատասխան այն մասին, որ Վարդենիսի տարածաշրջանում ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող «Շամա-տրանս» ՍՊ ընկերությունը հրաժարվում է երթուղին սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ երթուղու սպասարկման վրա կատարվող ծախսերը գերազանցում է ստացած եկամուտը: Այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր չկա, որ նման ծառայություն մատուցի:

Ստացվում է՝ մասնավորին տնտեսապես ձեռնտու չէ այդ երթուղին շահագործելը, իսկ պետությունն էլ ի վիճակի չէ որեւէ բան փոխել: Արդյունքում ուսուցչին զուտ ֆիզիկապես չենք կարողանում դասարան հասցնել, դասապրոցեսն ապահովել, չենք կարողանում աշակերտին չզրկել կրթություն ստանալու իրավունքից … Ասել է թե՝ տարրական խնդիրները չեն լուծվում մարզերում, բայց մենք խոսում ենք վեհ կրթամշակութային հարցերից…




Լրահոս