ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծխախոտի դեմ պայքարը մենք սկսել ենք մինչ հեղափոխությունը». Հայաստանի հետ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր պայմանագիր կկնքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ կրկին բուռն քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հեղինակած ծխելու դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի այս փաթեթով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ փակ հանրային հաստատություններում ծխելու արգելք: Օրինագծով նաեւ սահմանափակումներ են նախատեսվում ծխախոտային արտադրանքի եւ թութուն պարունակող էլեկտրոնային սարքերի գովազդի համար, ինչպես նաեւ որոշվում են այն հանրային վայրերը, որտեղ ծխելու դեմ արգելք կսահմանվի:

Քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանը նշեց, թե նախագծի մշակման հիմքում դրված է Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների՝ ծխելու դեմ պայքարի հաջող փորձը։ Սակայն Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը համաձայն չէր նախարարի հետ այն հարցում, որ մի քանի երկրում հակածխախոտային օրենքի նախագիծը ազդեցություն է ունեցել, ծխողների թիվը նվազել է։ Առհասարակ, երկուսն էլ քննարկման ժամանակ փորձում էին հակադարձել իրար։

Քննարկումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր է ուղղել Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցեւին։

-Դուք ներկա էիք քննարկմանը, որքանո՞վ եք համակարծիք հայ պատգամավորների կողմից հնչած մտահոգությունների հետ։

-Նրանց մտահոգությունների առաջին մասը վերաբերում էր տնտեսական հատվածին։ Իրականում շատ են հետազոտություններ կատարվել ե՛ւ գլոբալ, ե՛ւ տարբեր երկրներում, ու լավ օրենքի ներդնումը կօգնի տնտեսել գումարներ, այլ ոչ թե կորուստներ ունենալ։ Առաջին հերթին դա կապված է այն հանգամանքի հետ, որ քիչ գումարներ կծախսվեն այն առողջական խնդիրները բուժելու համար, որոնք կապված են ծխելու հետ։ Երկրորդ` մարդիկ ավելի առողջ կլինեն, քանի որ չծխող մարդիկ քիչ են հիվանդանում եւ կարող են ավելի օգուտ տալ աշխատանքի մեջ։ Եվ երրորդ` եթե մենք բարձրացնում ենք մեկ ծխախոտի տուփի արժեքը, դա ավելի նպաստավոր է բյուջեի համար։ Ասպեկտները շատ են, եւ եթե բոլորը հաշվարկենք, ապա պարզ կդառնա, որ այսպես նպաստում ենք տնտեսության զարգացմանը, ոչ թե վնասում։

-Դուք ինքներդ այս օրենքում փոփոխություններ անելու կարիք տեսնո՞ւմ եք։

-Ես կողմ եմ այս օրենքին, քանի որ այն սահմանափակում է փակ տարածքներում ծխելը։ Այն շատ լավ սկիզբ է, քանի որ մարդիկ այս դեպքում ավելի քիչ կծխեն, այն ավելի քիչ կվնասի շրջապատող մարդկանց։ Մենք պետք է հիշենք, որ շատ մարդիկ մահանում են նաեւ պասիվ ծխող լինելու հետեւանքով, երեխաները ստանում են վատ իմպուլս եւս։ Օրենքը, ընդհանուր առմամբ, լավն է եւ կօգնի մարդկանց առողջ լինել։

-Կասե՞ք՝ ինչպես է օրենքն աշխատում տարբեր երկրներում եւ որ երկրում չի գործում։

-Նայեք, այն երկրներում, որտեղ օրենքը գործում է, առկա է հավելված, եւ եթե, օրինակ, որեւէ հաստատության այցելու նստած է, տեսնում է` որեւէ մեկը ծխում է եւ խախտում է իր առողջ լինելու իրավունքը, կարող ես այդ հավելվածի միջոցով ազդանշան տալ։ Դրանից հետո կգան այն մարդիկ, որոնք պետք է հետեւեն իրավիճակին, եւ տուգանում են հաստատությանը՝ որեւէ թվով։ Եթե տուգանում են մեկ անգամ, երկրորդ անգամ ավելի շատ է, իսկ, ահա, հաջորդ դեպքերում հաստատությունը կարող է փակվել։ Օրինակ` ՌԴ-ում կամ Ուկրաինայում մինչ այս օրենքի ընդունումը բոլորը մտածում էին, թե այն չի աշխատի, բայց իրականում որոշ ժամանակ հետո մշակույթ է փոխվում, եւ մարդիկ պարզապես հարմարվում են։ Հիմա միայն Ավստրիայում է, որ օրենքի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջացել, դա էլ քաղաքական իրավիճակի հետեւանք է։

-Իսկ ինչպիսի՞ն է ԱՀԿ-ի դերն այս օրենքի անցկացման հարցում, եւ եղե՞լ են դրամաշնորհներ օրենքի անցկացման համար։

-ԱՀԿ-ն եւ Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը միասին են աշխատում։ Մենք ցույց ենք տալիս, որ արդյունքները իրենց երկար սպասեցնել չեն տա, եւ մարդիկ կսկսեն քիչ ծխել, քիչ հիվանդանալ, եւ այն օգուտ կբերի։ Մենք փորձում ենք աշխատել պետությունների հետ, որպեսզի հասարակությունները հասկանան՝ այն անհրաժեշտ է։ Իսկ ինչ վերաբերում է դրամաշնորհներին, ապա հիմա կա դրամաշնորհ, որը կարող է գործել։ Դրանով պետք է ներկայացվի այն, թե ինչ է երկիրը ցանկանում անել ծխախոտի դեմ պայքարում, այն ստանալ եւ իրականացնել։

-Իսկ այս նախագծի անցկացման համար դրամաշնորհ եղե՞լ է։

-Այս նախագծի համար դրամաշնորհ չի եղել, այն մշակել է կառավարությունը, եւ նախագիծն էլ հիմա խորհրդարանում է։ Մենք ոչ թե դրամաշնորհ ենք տալիս առանձին նախագծերի համար, այլ մենք երկամյա համագործակցության պայմանագրի շրջանակներում աշխատել ենք ծխախոտի դեմ պայքարի վրա։ Մենք աշխատում ենք ոչ թե դրամաշնորհների շրջանակներում, այլ պայմանագրերի հիման վրա։

-Ե՞րբ եք սկսել աշխատել ծխախոտի դեմ պայքարում։

-Հայաստանի հետ կա երկամյա պայմանագիր, որը հիմա վերջանում է, եւ մենք Առողջապահության նախարարությունից սպասում ենք հաջորդ երկու տարվա համար նախատեսված առաջնահերթությունները, որպեսզի սկսենք աշխատել։ Մենք գումարը չենք տալիս ուղղակի։ Այն գումարները, որ կան եւ կունենանք, կարող ենք քաղաքական երկխոսություն անել, կարող ենք ինչ-որ մեկին ուղարկել այլ երկրներ դիտարկման, անում ենք ակցիաներ եւ այլն։

-Այսինքն` պայմանագիրը կնքվել է դեռ նախորդ կառավարության ժամանա՞կ։

-Պայմանագիրը եղել է 2018, 2019 թվականների համար, եւ մշտապես կան որեւէ առաջնահերթություններ։ Ծխախոտի դեմ պայքարը առաջնահերթություն էր այս երկու տարիների համար, սակայն 2020 եւ 2021 թվականների համար դա եւս առաջնահերթությունների թվում կլինի։ Ծխախոտի դեմ պայքարը մենք սկսել ենք մինչ հեղափոխությունը՝ նախորդ կառավարության հետ։ Այսինքն` ծխախոտի դեմ պայքարը օրակարգում վաղուց է եղել, պարզապես հիմա դրան ավելի են ուշադրություն դարձնում, եւ շանսերը մեծացել են, որ Հայաստանը վերջապես կընդունի այդ օրենքը։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս