Նոյեմբերի 3-6-ը, մինի ֆուտբոլի ամենամյա 4-րդ մրցաշարին՝ որպես պատվավոր հյուր մասնակցելու հրավերով Դոնի Ռոստովում էր գտնվում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի խորհրդական Դերենիկ Գաբրիելյանը: Մրցաշարը նվիրվել է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը կազմակերպել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը , և որին մասնակցել է 12
ֆուտբոլային թիմ:
Մրցաշարի մասնակիցներին ու կազմակերպիչներին իր ուղերձն է հղել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը՝ կարևորելով Ռոստովի մարզի ակտիվ մասնակցությունը համահայկական խաղերին և շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կոլեկտիվին՝ ի դեմս ակումբի ղեկավար Տիգրան Պապիկյանի: Մրցաշարի պարգևատրման արարողության ժամանակ Դերենիկ Գաբրիելյանը Տիգրան Պապիկյանին է հանձնվել Համահայկական խաղերի դիպլոմը և գավաթը:
Դոնի Ռոստով կատարած այցի շրջանակում Դերենիկ Գաբրիելյանը հանդիպումներ է ունեցել «Միավորված Ռուսաստան» կուսակցության «Մանկական սպորտ» ծրագրի տարածաշրջանային հասարակական խորհրդի նախագահ, Դոնի Ռոստով քաղաքի Հանրային պալատի անդամ Սենիկ Ավանեսյանի, Ռոստովի մարզի հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի հետ, գրառում կատարել համայնքի պատվո մատյանում: Դերենիկ Գաբրիելյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործկոմի անունից հատուկ երախտագիտությունն է փոխանցել Դոնի Նախիջևանի հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանին՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում ունեցած զգալի ներդրման համար:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի և Ռոստովի մարզի միջև համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված կարևոր հարցեր, այդ թվում՝ առաջարկ է հնչել մրցումներին մասնակցությունը մտցնել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի տարեկան պլանի մեջ: Ռոստովի մարզի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Դերենիկ Գաբրիելյանը այցելել է նաև հայ-ռուսական բարեկամության թանգարան և Դոնի Ռոստովի
հայկական նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցի:
Հիշեցնենք, որ Ռոստովի մարզը մշտապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Համահայկական խաղերին և նվաճել մրցանակային տեղեր: Այս տարի անցկացված համահայկական ամառային 7-րդ խաղերին մարզը ներկայացել է 128 մասնակցով ՝ վոլեյբոլի, ֆուտբոլի, մինի ֆուտբոլի, գոլֆի, շախմատի, լողի մարզաձևերում և նվաճել 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ :