Խոշոր գործարարի ու բանկի սկանդալային պատմության հետքերով. ինչ դերակատարում ունի Սաշիկ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեւորգ Աֆանդյանն ընդդեմ IDBank-ի. հետաքրքիր զարգացումներով այս օրերին լայն տարածում է ստանում սկանդալը` կապված հայտնի օլիգարխ Գեւորգ Աֆանդյանի եւ ID Bank-ի (նախկինում «Անելիք» բանկ) միջեւ ընթացող դատավարության հետ: Խնդիրն այն է, որ գործարարն իրեն պատկանող «Արզնի» հանքային ջրերի գործարանի համար դեռեւս 2010 թվականին բազմամիլիոնանոց դոլարային վարկ է վերցրել «Անելիք» բանկից, բայց մի քանի տարի անց հայտարարել, թե չի կարողանում վերադարձնել այն եւ գնում է գործարանի սնանկացմանը:

Բանկը, բնականաբար, Աֆանդյանից վերցրել է գրավադրված գույքը` շենքերը եւ սարքավորումները, մոտ 4.5 միլիոն դոլարի դիմաց: Սակայն գործարարը դրամատան հետ պայմանավորվել է, որ երկու տարվա ընթացքում իրավունք կունենա վարադարձնել այն, եթե գումար գտնի եւ մարի պարտքերը: Բանկի պնդմամբ` երկու տարին չլրացած` իրենք առաջարկել են Գեւորգ Աֆանդյանին, որի համաձայն` «Արզնի» հանքային ջրերի գործարանը վերագործարկելու համար հիմնվել է նոր ընկերություն, որում Աֆանդյանների ընտանիքին, ինչպես ասում են, «առանց մի կոպեկի» փոխանցվել է բաժնետոմսերի 33%-ը: Այդկերպ գործարարի պարտքերը համարվել էին մարված, գործարանն էլ խուսափել էր փակվելու վտանգից:

Աֆանդյանները համաձայնել են առաջարկությանը, նոր ընկերությունը գնել է գործարանի գույքը, իսկ ընկերության բաժնեմասը, ինչպես պայմանավորվել էին կողմերը, տրամադրվել է Գեւորգ Աֆանդյանի որդուն` Վահե Աֆանդյանին: Սակայն ընդամենը մեկ տարի անց գործարարը հայտարարել է, թե բանկը խախտել է իրենց նախկին պայմանավորվածությունը, եւ ինքը այժմ դատական կարգով 22 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում:

Հայկական բանկային պատմության համար աննախադեպ եւ շատերի կողմից որպես բազմամիլիոնանոց ֆինանսական մեքենայություն ընկալվող այս պատմության մեջ չափազանց հետաքրքիր են գործարարի հնչեղ կապերը, որոնց մեջ քիչ չեն սկանդալային դեմքերը, մասնավորապես` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Վերջինի հետ Աֆանդյանի առնչություններն առանձնահատուկ ուշադրության են արժանի: Մասնավորապես, պարզվում է, որ Միհրան Պողոսյանը մի քանի անգամ դատի է տվել Գեւորգ Աֆանդյանին. նախկին պետական պաշտոնյան 2013 թվականի ապրիլին շուրջ 53 միլիոն դրամի հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ Աֆանդյանին պատկանող «Սթար» սուպերմարկետների ցանցի:

Շատ չանցած, սակայն, Պողոսյանը հրաժարվել է հայցադիմումից: Հաջորդ հայցադիմումը, տարօրինակ զուգադիպությամբ, ներկայացվել է նույն օրը` 2013 թվականի ապրիլի 4-ին, նույն գործարարին պատկանող մեկ այլ ընկերության` «Բյուրակն» ՍՊԸ-ի դեմ: Այս դեպքում խոսքը շուրջ 5 միլիոն դրամի մասին էր:

Միհրան Պողոսյանն օրեր անց հրաժարվել է նաեւ այդ հայցադիմումից: Բայց ամենասկանդալայինը դեռ առջեւում էր. իր հայտարարագրերում բավականին համեստ կարողություններ ներկայացնող սույն պաշտոնյան Գեւորգ Աֆանդյանի դեմ նոր հայցադիմումով է հանդես եկել, այս անգամ` 5,147,000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջով: Պողոսյանը պնդում էր, թե գործարարին այդքան գումար է տվել եւ չի կարողանում այն վերադարձնել: Մի կողմ թողնենք այն «նրբությունը», թե որտեղից պետական պաշտոնյային այդքան գումար Գևորգ Աֆանդյանին որպես փոխառություն տալու համար: Ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ կարճ ժամանակ անց Միհրան Պողոսյանը հրաժարվել է նաեւ այդ գումարի առյուծի բաժնից` 4 միլիոն դոլարից եւ բավարարվել ընդամենը 499 միլիոն դրամով:

Ըստ դատապաշտպան Լյուդվիգ Դավթյանի` դա Միհրան Պողոսյանի կողմից «բարի կամքի դրսեւորում» է եղել, ավելի պարզ` Պողոսյանը «ներել է» 4 մլն դոլարի պարտքը: Ինչեւէ, այդ օրերին լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, թե այս «բարի կամքի դրսեւորումների» ետեւում իրականում կանգնած է Սաշիկ Սարգսյանը, որի ակտիվ դերակատարմամբ էլ հարթվում էին Պողոսյանի եւ Աֆանդյանի գումարային վեճերը: Սակայն գոյություն ունեն նաեւ պնդումներ, որ Միհրան Պողոսյանը ոչ թե «ներել էր» Աֆանդյանին, այլ նրանք ֆինանսական մեքենայության սխեմա էին մտածել եւ կյանքի կոչել: Մասնավորապես` Գեւորգ Աֆանդյանի անունը շոշափվել է Միհրան Պողոսյանի հետ կապվող հայտնի «պանամյան օֆշորի» գործով:

Ըստ լրատվամիջոցների` Աֆանդյանին տրված վարկը հետ ստանալու նպատակով Պողոսյանը վերջինիս է փոխանցել իրեն պատկանող «Ինտերստրատոս» ընկերությունը, որի միջոցով Աֆանդյանը բանկերից մեկից 3 մլն դոլարի վարկ է վերցրել եւ փոխանցել այն պանամյան օֆշորում գրանցված եւ Միհրան Պողոսյանին պատկանող «Բանջիո ինվեստե» ընկերությանը: Թե ինչպիսի ընթացք կունենա բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված, մի շարք ընկերություններ հիմադրած, ահռելի վարկեր վերցրած, այնուհետեւ այդ ընկերությունները սնանկացրած եւ դրանով հայաստանյան բանկերին մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս հասցրած գործարարի եւ ID Bank-ի միջեւ ընթացող դատական այս սկանդալային պատմությունը, պարզ կդառնա արդեն առաջիկա շաբաթներին:

Այս գործի մասին տեղեկացվել է նաեւ հանրապետության վարչապետը: Բանկում լիահույս են, որ դատական համակարգը չի տրվի Աֆանդյանի շահերը սպասարկելու գայթակղությանը եւ արդարացի որոշում կկայացնի՝ զերծ պահելով բանկային համակարգը լուրջ ցնցումներից, ինչպես նաեւ երկրի իմիջին հարվածող այն պատկերացումների ձեւավորումից, թե նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանում հնարավոր են նման բազմամիլիոնանոց մեքենայություններ:

Քնար Մանուկյան




Լրահոս