Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրոդը՝ համայքի աշխատակազմի քարտուղարը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի ղեկավարը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է 2016 թվականից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է կեղծիքներ և վատնումներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը տարբեր հաստիքներում գրանցել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր բարեկամներին, նրանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, սակայն, նախապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից ամիսներ շարունակ հանրապետությունից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, համայնքի աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ կազմել և վավերացրել է պաշտոնական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ փաստացի չաշխատած ժամանակահատվածի համար համայնքի բյուջեից հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:

Համայնքի աշխատակազմի քարտուղարը, նախապես տեղյակ լինելով նշված անձանց՝ Մյասնիկյանի համայնքապետարանում որպես աշխատակիցներ գրանցված լինելու, սակայն ՀՀ-ից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, կազմել և համայնքի ղեկավարին է հանձնել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ դրանցում ներառելով անընդմեջ փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով պաշտոնավարել է 2002- 2016թթ., թույլ տրված պաշտոնեական անփութության վերաբերյալ:

Քննության տվյալներով՝ նախկին համայնքապետը նույն համայնքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համապատասխան վճարի դիմաց 5 տարի ժամանակով վերջինիս ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել 17հա մակերեսով 5-րդ կարգի գյուղատնտեսական այլ հողեր, սակայն ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այն է՝ չի նախաձեռնել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցումը, որի պատճառով վարձակալությամբ հանձնված հողատարածքի հետ կապված գույքային իրավունքների գրանցման սահմանափակումներ չեն դրվել:

Արդյունքում՝ անզգուշությամբ էական վնաս է պատճառվել բնակչի իրավունքներին և օրինական շահերին. փաստացի վարձակալված հողատարածքի սահմաններում, 2018թ. ընթացքում տեղի ունեցած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդ վաճառքի արդյունքներով, սեփականության իրավունքով, նշված հողատարածքը տրամադրվել է Մյասնիկյան համայնքի մեկ այլ բնակչի:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մյասնիկյան համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել՝ 315-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ):
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ:




Լրահոս