ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործով է անցնում Գորիսի քաղաքապետը, և ինչ են փորձում պարզել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք է բացահայտվել:

Մասնավորապես, Սյունիքի մարզի Խնձորեսկի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին եւ 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները, իբր, վերականգնելու խնդրանքով: Հայտնել էր, թե, իբր, շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել: Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները:

Պարզվել է նաեւ, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները. շինությունների պատկանելությունը ստուգելու փոխարեն բավարարել են դիմումը բացառապես քաղաքացու ներկայացրած տվյալներով, կազմել եւ համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացրել գույքային իրավունքները վերականգնելու եւ անձի սեփականությունը համարելու մասին համապատասխան որոշումներ:

Քաղաքացին նշված որոշումները ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանում, իր անվամբ ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 4,250,000 դրամի խանութի եւ բաղնիքի շենքերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով անցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մասնավորապես այն դրվագով, որ նա է այդ դիմումի տակ ստորագրող անձը եղել, եւ հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, որի եզրակացությունից հետո շատ հարցերի պատասխաններ կտրվեն:

Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` քաղաքապետը դեռեւս կարգավիճակ չունի, եզրակացությունից հետո պարզ կինի նրա կարգավիճակի հարցը` նա մեղադրյալ կլինի, թե ոչ : Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Առուշ Առուշանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել, իսկ թե այս անգամ ինչ ճակատագիր է սպասվում նրան, կերեւա առաջիկայում:

Քնար Մանուկյան




Լրահոս