Չնայած կառավարությունը դեռեւս չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, եւ ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը (Արդարադատության նախարարությունը պատասխանին սպասում է դեկտեմբերին), պարզվում է` հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել:
Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, եւ այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, եւ ամրագրված են դրա համար նախատեսված ժամկետները: Եվ, ահա, այդ նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, որպես միջոցառման իրականացման ժամկետ, նախանշված է 2019 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը: Եվ այս պարագայում այն տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախատեսված: Եվ սա ելնում է կառավարության ծրագրից, եւ դրանից բխող միջոցառում է համարվում կոնվենցիայի վավերացումը: Ավելին, ստացվում է, որ դրանցից որեւէ մեկի չիրականացումը սահմանված ժամկետում խախտում է այդ որոշման պահանջները: Հետեւապես, անհրաժեշտ է կա՛մ ձեռնամուխ լինել նշված ժամկետում այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես որ սահմանված է որոշմամբ, կա՛մ երկարաձգել այն: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամեն դեպքում կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ դեռ պետք է պատասխան լինի նաեւ Սահմանադրական դատարանից: Եվ, բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կոնվենցիայի վերաբերյալ տարակարծություն կա նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, եւ եթե սեպտեմբերին նախագիծը մտնի խորհրդարան, հավանականությունը մեծ է, որ այն կմերժվի: Եվ հենց դա եւ նաեւ հանրության տրամադրությունները հասկանալով` չի բացառվում, որ ժամկետները երկարաձգվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի խորհրդարանում արդեն երկրորդ քննիչ հանձնաժողովն է ստեղծվել, որն այս անգամ ուսումնասիրելու է ջրային ոլորտում առկա խնդիրները: Տեղեկացանք, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը բաղկացած է 16 պատգամավորներից: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զրուցել է քննիչ հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանի հետ: «Մենք հիմա տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունների փուլում ենք, որոնք ձեռք ենք բերել պետական մարմիններից, հիմնադիր նիստն ենք արել: Այս պահին ակտիվ աշխատում ենք»,- հայտարարեց պատգամավորը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի աշխատասենյակում խուզարկություն է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի առնչությամբ գործից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ-ն նույն ինքը Լեւոն Կարապետյանն է, որը ՀՀ գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչություն ավագ դատախազն է եւ ՀՀ գլխավոր դատախազության բավականին հին կադրերից է, որը, դատախազությունում տարածված լուրերի համաձայն, առաջիկայում թոշակի պետք է գնար: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` մինչեւ Լեւոն Կարապետյանին ձերբակալելը ԱԱԾ երկու քննիչ նրա հետ միասին գնացել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի ներկայությամբ խուզարկել են վերջինիս աշխատասենյակը եւ այլ քննչական գործողություններ իրականացրել:
Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3 հազար 700-ով նվազել է: Այսինքն` ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս ցուցանիշը նվազել է 8200-ով: Մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում եւ գյուղերում, սակայն բնակչության թիվը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել` 2200-ով: Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 111, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 16 հազար 261, իսկ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` 17 հազար 171: Ավելացել է նաեւ մահացածների թիվը. այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվն աճել է 572-ով:
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՄՎՈԼԸ
Այսօր համահայկական խաղերի պաշտոնական բացման արարողությունն է տեղի ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում. միջոցառում, որ շուրջ 10 հազար հայերի համախմբել է հայության մայրաքաղաքներից մեկում: Այն իր մեջ մի քանի խորհուրդ ունի, նախ` ճանաչողական: Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը համախմբվում են Արցախում, շփվում միմյանց հետ, սպորտային խաղեր խաղում, զարգացնում ինքնաճանաչման մակարդակը: Երկրորդ խորհուրդը սոցիալականն է, այն, որ սոցիալապես ոչ այնքան լավ վիճակում գտնվող երկրում նման մասշտաբի միջոցառում է կազմակերպվում, ու արցախցին իրեն կարեւորված է զգում: Սա հստակ սոցիալական խնդիր է, որը լուծվում է մարզական խաղերով: Համահայկական խաղերը նաեւ ֆինանսական-տնտեսական լրջագույն հարց են լուծում: Արդեն մի քանի օր է` Ստեփանակերտի եւ հարակից բնակավայրերի հյուրանոցներում ու կացավայրերում ազատ տեղեր չկան, ռեստորաններն ու սրճարանները գերհագեցած ռեժիմով աշխատում են: Անգամ մարդիկ, որոնք իրենց բնակարանները երբեք վարձով չեն տվել, մի քանի օր է` բիզնես են դարձրել բնակարան վարձով տալը: Ու վստահ կարելի է ասել, որ Արցախում անասելի աշխուժություն է այս օրերին: Թեեւ համահայկական խաղերը քաղաքական նպատակ չեն հետապնդում, բայց, պետք է արձանագրենք, որ ամեն դեպքում, չի կարող քաղաքականություն չլինել այս միջոցառման մեջ, քանի որ հայերի միասնականության օրակարգը կա ու միշտ պետք է լինի ցանկացած իշխանության համար առաջնային քաղաքական գերնպատակ: Հետեւաբար սպորտային խաղերով քաղաքական հարցեր լուծելը միշտ անհրաժեշտ է, եւ լավ է, որ Համահայկական խաղերի կազմկոմիտեի ապաքաղաքական անդամները լուծում են այդ խնդիրը:
Ի դեպ, Համահայկական խաղերը երբ առաջին անգամ 20 տարի առաջ կայացան` կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, հավանաբար, իրենք էլ չէին պատկերացնում, որ այսքան երկարակյաց կլինի այդ նախաձեռնությունը եւ այսքան մասշտաբային: Արդեն 20 տարի, ՀՀ աղքատիկ պետբյուջեից մի կոպեկ չծախսելով, սպորտային, իսկ իրականում արտաքին քաղաքական, դիվանագիտական լուրջ նշանակություն ունեցող ազգային ու համազգային միջոցառում է կազմակերպվում Հայաստանում եւ հայաբնակ այլ բնակավայրերում: Թերեւս չկան կամ քիչ կան կազմակերպություններ, որ այսքան երկարակյաց են ու այսքան մասշտաբային:
Այս տարի համահայկական խաղերի ջահը վառվել է Մուսալեռում, որը բերվել է Արցախ, այնուհետեւ կհասնի Երեւան: Այսինքն` պատմական Հայաստանից ջահը եկել է մաքառումով ձեռք բերված Արցախ, որը պետք է պաշտպանի ու պահպանվի համայն հայության մայրաքաղաք Երեւանում: Համաձայնեք` իսկապես մեծ խորհուրդ կա այս ամենում, առավել եւս այսօր, երբ փորձ է արվում պառակտել Արցախ-Հայաստան փոխհարաբերությունները: