ԱԺ-ՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի խորհրդարանում արդեն երկրորդ քննիչ հանձնաժողովն է ստեղծվել, որն այս անգամ ուսումնասիրելու է ջրային ոլորտում առկա խնդիրները: Տեղեկացանք, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը բաղկացած է 16 պատգամավորներից:

Քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն է: Հանձնաժողովում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ընդգրկվել են Ալեքսանդր Ավետիսյանը, Սոս Ավետիսյանը, Սերգեյ Ատոմյանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Սեդրակ Թեւոնյանը, Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից հանձնաժողովի անդամների ցանկում են Սերգեյ Բագրատյանը, Արթուր Գրիգորյանը, Արտյոմ Ծառուկյանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից էլ` Հրանտ Այվազյանն ու Էդվարդ Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ Աժ-ում ստեղծվել է նաեւ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով, որի լիազորությունները դրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի վրա:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զրուցել է Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանի հետ:
-Պարո՛ն Ենգիբարյան, ինչո՞ւ որոշվեց խորհրդարանում ստեղծել քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի երկու մարզերում` Արարատում եւ Արմավիրում առաջացած ջրային խնդիրները: Ի՞նչն է հիմք հանդիսացել նման հանձնաժողովի միջոցով քննություն սկսելու:
-Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչների մեծ մասը կապված է ոռոգման ու խմելու ջրի հետ: Մենք այս ժամանակահատվածում այդ երկու մարզերի բնակիչներից շատ բողոքներ ենք ստացել: Հատկապես Արմավիրում խմելու ջուրը շատ մեծ խնդիր է, նույնն էլ կարող եմ ասել ոռոգման ջրի հետ կապված: Պետական վերահսկողության ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որտեղ եղել են չարաշահումներ այդ ոլորտում, քրեական գործեր են բացվել, իսկ քրեական գործերից բացի մնացած դեպքերի հետ կապված քննիչ հանձնաժողով ենք ստեղծել, որպեսզի մի խումբ պատգամավորներ էլ քննեն ու պարզեն, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Պետք է կատարենք փոփոխություններ, իսկ դրանք ուսումնասիրելուց հետո միայն կկարողանանք նման բան անել:
-Այսինքն` հանձնաժողովի ստեղծման հիմքը հանդիսացել է Պետական վերահսկողության ծառայության ուսումնասիրություննե՞րը:
-Բոլոր այն խնդիրները, որոնք չեն առնչվում հարուցված քրեական գործերին, մենք դրանք ենք ուսումնասիրելու, ու ամբողջ նպատակը ավելի բարեկարգված թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջրի համակարգի ստեղծումն է:
-Նիստ անցկացրե՞լ եք, ունե՞ք արդեն ճանապարհային քարտեզ, որով պետք է աշխատի հանձնաժողովը:
-Մենք հիմա տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունների փուլում ենք, որոնք ձեռք ենք բերել պետական մարմիններից, հիմնադիր նիստն ենք արել: Այս պահին ակտիվ աշխատում ենք: Համապատասխան մարմինների ներկայացուցիչներին հրավիրելու ենք հանձնաժողով: Հատկապես ոռոգման ջրի խնդիրը շատ մեծ կառավարման խնդիր է ունեցել, այսինքն` սա ամենախնդրահարույց ոլորտներից մեկն է մեր կառավարման համակարգում: Պարզ է, որ այսօր ինչ ունենք, դրա պատասխանատուների թողունակության արդյունքում է:
-Իսկ նիստի նպատակը ո՞րն է, արդյոք այդ ոլորտում բացթողումների մեղավորներին պատժե՞լն է. հանձնաժողովը պատժիչ մեխանիզմ կիրառելո՞ւ է:
-Եթե մեր քննության արդյունքում մենք էլ հայտնաբերենք չարաշահումներ, իհարկե ուղարկելու ենք դատախազություն: Հիմա հանձնաժողովի աշխատանքն է ուսումնասիրություններ կատարել, քննիչ հանձնաժողովի աշխատանքները տեւելու են 6 ամիս, իսկ այդ ժամանակահատվածում եթե ուսումնասիրենք բոլոր նյութերը, ըստ այդմ էլ կորոշենք, թե ինչ է պետք անել: Հիմա` արձակուրդային շրջանում, պարզ է` ավելի պասիվ ենք աշխատելու, բայց ամեն մեկս մեր մասով նյութերն ուսումնասիրում ենք: Մենք փաստաթղթերի հետ ենք աշխատում: Այդ ոլորտում շատ չարաշահումներ կան, ՋՕ-երը պարտքերի տակ ենք, կառավարությունը վերջերս ՋՕ-րի պարտքերի մի մասը վերացրեց, այսինքն` շատ-շատ խնդիրներ կան այնտեղ, որտեղ կան չբացահայտված հատվածներ, իսկ մենք էլ պետք է այդ ամենն ուսումնասիրենք: Դա է պատճառը, որ համակարգը քայքայվել է, ու մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Կան նաեւ կոռուպցիոն ռիսկեր, այսինքն` շատ բարդ իրավիճակ է ոլորտում, որը իսկապես քննելու կարիք ունի, ինչն էլ մեր հանձնաժողովն անելու է:

 

 

 

ԹՈՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Երեկ արդեն պաշտոնապես որոշում հրապարակվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Կարելի է ասել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պայքարում հաղթեց ու հասավ իր նպատակին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսին գրել էր, որ Էդգար Խուրշուդյանին տեղեկացրել են, որ ինքն օգոստոսին ազատվելու է աշխատանքից, վերջինս էլ այդ պահին արձակուրդում էր գտնվում: Տեղեկացրել էինք, որ, դեռ Խուրշուդյանին պաշտոնանկ չարած, տեսչական մարմնի ներսում քննարկվում էր նրան փոխարինող գտնելու հարցը: Ըստ այդ լուրերի` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանն այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստել եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Խուրշուդյան-Թորոսյան «պատերազմը» սկսվել էր այն բանից հետո, երբ Խուրշուդյանը համարձակվել էր Թորոսյանի խորհրդականին տուգանել` ՀՀ քաղաքացու բողոքի հիման վրա:
Ըստ տեղեկությունների` խորհրդի նիստի ժամանակ, երբ էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել, քանի որ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել էր` հայտարարելով` «պասլատ անեիր» այդ քաղաքացուն:
ՀՀ առողջապահության նախարարն այդպես էլ չներեց Խուրշուդյանին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել Խուրշուդյանին աշխատանքից ազատելու հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` վարչապետն էլ իր հերթին նախարարից պահանջել էր փաստեր, որ Խուրշուդյանը չի համապատասխանում իր պաշտոնին, Թորոսյանն էլ լծվել էր փաստեր հավաքելով: Իսկ փաստեր շատ կան Խուրշուդյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վերաբերյալ, ինչի պատճառով էլ նախարարին հաջողվել է հասնել Խուրշուդյանի հեռացմանը:
Բայց այս ամենը չի ավարտվելու այսպես, որովհետեւ տեսչական մարմնում այժմ թեժ պայքար է ընթանում նոր պաշտոնին նշանակվելու հարցով: Տեսչության բոլոր տեղակալներն այս օրերին ամեն ինչ անում են ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար: Թե իրականում սա ինչ ավարտ է ունենալու, դժվար է ասելը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է: Նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը լծվել է ՔԿՀ պետերի ազատման գործընթացին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երեկ պաշտոնից ազատվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Ժորժիկ Վարագյանը, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյանը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը: Իսկ մինչ այդ պաշտոնից ազատվել էին «Արմավիր» ՔԿՀ պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ պետը եւ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանը, որին ավելի ուշ Արթուր Գոյունյանը նշանակեց իր տեղակալ:

 

 

 

ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընտանիքը, պարզվում է, բավականին ապահովված է: «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Թորոսյանի ներկայացրած 2018 թվականի հայտարարագրից տեղեկացավ, որ դրամական միջոցները կազմում են 1 մլն 925 հազար դրամ, 22 հազար եվրո եւ 1400 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 1 մլն 18 հազար դրամ: Բացի այս, պարզվում է` Արսեն Թորոսյանը նախորդ տարվա ընթացքում վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 125 հազար դրամի չափով վճար: Թե ինչ է վարձակալության տվել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Նաեւ 2018 թվականին Արսեն Թորոսյանը վաճառել է երկու` BMW 528, BMW X5 մակնիշի մեքենաներ` ընդհանուր 12 մլն 900 հազար դրամ, իսկ ունեցած փոխառությունը կազմել է 20 հազար 331 դոլար: Ի դեպ, նրա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի անհատական բնակելի մեկ տուն: Եթե Արսեն Թորոսյանը 2018-ին 2 մեքենա է վաճառել, կինը, հակառակը, գնել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ Թորոսյանի կինը` Վարդանուշ Թեւանյանը, անցած տարի գնել է BMW 535 մակնիշի մեկ մեքենա 7.8 մլն դրամով: Սա դեռ ամենը չէ. կարծես թե նախարարի կնոջ համար նախորդ տարի եկամտաբեր է եղել. նրա դրամական միջոցները ավելացել են` կազմելով` 30 հազար դոլար (2017-ին` 20 հազար դոլար էր) եւ 1 մլն 950 (2017-ին` 260 հազար դրամ) հազար դրամ: Որպես եկամուտ նախարարի կինը հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 1 մլն 458 հազար դրամ (ամուսնուց 333 հազար դրամով ավելի) եւ վարձակալության դիմաց ստացած 3 մլն 150 հազար դրամը: Փաստորեն, ամուսինները բացի աշխատավարձից տարեկան վարձակալության դիմաց գումար են ստանում: Ի դեպ, նշենք, որ Թորոսյանի հայրը` Գեւորգ Թորոսյանը, Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ է:




Լրահոս