Չնայած կառավարությունը դեռեւս չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, եւ ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը (Արդարադատության նախարարությունը պատասխանին սպասում է դեկտեմբերին), պարզվում է` հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել:
Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, եւ այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները եւ ամրագրված են դրա համար նախատեսված ժամկետները: Եվ, ահա, այդ նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունների կողմից պետք է կատարվի ՀՀ օրենսդրական դաշտի կատարելագործում եւ կոնվենցիայով ստանձնած հանձնառություններին համապատասխանեցում: Կառավարության միջոցառումների ծրագրում նաեւ ամրագրված է, որ Ստամբուլյան կոնվենցիան պետք է վավերացվի երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցման քաղաքականության շրջանակներում:
Եվ, ահա, հենց այդ փաստաթղթում, որպես միջոցառման իրականացման ժամկետ, նախանշված է 2019 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը: Եվ այս պարագայում այն տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախատեսված: Եվ սա ելնում է կառավարության ծրագրից, եւ դրանից բխող միջոցառում է համարվում կոնվենցիայի վավերացումը: Ավելին, ստացվում է, որ դրանցից որեւէ մեկի չիրականացումը սահմանված ժամկետում խախտում է այդ որոշման պահանջները: Հետեւապես, անհրաժեշտ է կա՛մ ձեռնամուխ լինել նշված ժամկետում այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես որ սահմանված է որոշմամբ, կա՛մ երկարաձգել այն:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամեն դեպքում կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ դեռ պետք է պատասխան լինի նաեւ Սահմանադրական դատարանից: Եվ, բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կոնվենցիայի վերաբերյալ տարակարծություն կա նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, եւ եթե սեպտեմբերին նախագիծը մտնի խորհրդարան, հավանականությունը մեծ է, որ այն կմերժվի: Եվ հենց դա եւ նաեւ հանրության տրամադրությունները հասկանալով` չի բացառվում, որ ժամկետները երկարաձգվեն:
Եվ միանշանակ է, որ այս ընթացքում հասարակությունը պետք է ստանա բոլորին հուզող եւ խնդրահարույց համարվող հարցերի պատշաճ պատասխանները: Սակայն, ամեն դեպքում, կոնվենցիայում խոցելի կետերը բազմաթիվ են: Մեջբերենք դրանցից մի քանիսը. օրինակ` 3-րդ հոդվածում մեկնաբանվում է, թե ինչ է նշանակում ընտանեկան բռնություն: Հոդվածում ասվում է.
«Ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջեւ: Եվ մասնագետները հարց են բարձրաձայնում` արդյոք ասվածից հետեւո՞ւմ է, որ զուգընկերների միջեւ բռնությունն ընտանեկան բռնություն է, եւ եթե այո, ապա կարելի՞ է եզրակացնել, որ զուգընկերների միջեւ հարաբերություններն էլ համարվում են ընտանեկան հարաբերություններ: Մեկ այլ հետաքրքիր մեկնաբանություն է առկա «գենդերային պատկանելիություն» բառակապակցության մեկնաբանման մեջ: Մասնավորապես ասվում է, որ «գենդերային պատկանելություն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ եւ հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց եւ տղամարդկանց համար: Եվ այստեղ հարց է առաջանում` արդյոք ասվածից չի՞ հետեւում, որ կոնվենցիան բացի տղամարդուց ու կնոջից, որպես առանձին սեռերի, նախատեսում է նաեւ հատուկ պաշտպանության ենթակա առանձին օբյեկտ եւս` գենդերային պատկանելիություն, որն, ըստ էության, չի ներառվում ո՛չ կնոջ, ո՛չ էլ տղամարդու կոնցեպտում: Եվ ասվածից կարելի է եզրակացնել, որ տեսականորեն կարող է լինել կին, ով ունենա այլ գենդերային պատկանելիություն:
Եվ ընդգծենք, որ կոնվենցիան պաշտպանողները նշում են, թե այս նշված հասկացությունը ամրագրված է նաեւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով, սակայն դա ապատեղակատվություն է, որովհետեւ նշված օրենքով գենդերը սահմանվել է որպես սոցիալական հայեցակետ բացառապես կանանց եւ տղամարդկանց միջեւ, դրան չի տրվել սոցիալական դերի իմաստ:
Իսկ, օրինակ, 4-րդ հոդվածի 3-րդ մասն էլ սահմանում է, որ այս կոնվենցիան վավերացրած պետությունների կողմից դրույթները պետք է կատարվեն առանց խտրականության: Մասնավորապես, զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից: Եվ արդյոք նշված հոդվածի շարադրանքից հետեւո՞ւմ է, որ կոնվենցիան սահմանում է երկու ինքնավար արժեքներ` սեռական կողմնորոշում եւ գենդերային ինքնություն:
Հավելենք` դեռ հայտնի չեն ՍԴ դիմելու ժամկետները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում իրավապահները սպանության գործով ձերբակալություն կիրականացնեն, եւ նախաքննության գաղտնիությունից ելնելով` անձի անունն այս պահին չենք հրապարակում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, թե իրավապահները ինչ վարկած են քննում:
Գրել էինք, որ այս տարի Նոր Նորքի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հերթին խառնվելով երկու խմբի բաժանված երխտասարդների կռվին՝ «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»: Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչպես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Հավելենք, որ հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնել էր, որ «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված է` հավելելով, որ կա պատվեր, կա կատարող: «Շուտով մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ առայժմ փակագծեր չի բացելու:
ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 31-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գոհար Անակչյանը` պահանջելով, որ դատարանը ստիպի նախարարությանը 2019 թվականի հուլիսի 13-ին հրամանն անվավեր ճանաչել, իրեն նախկին աշխատանքում վերակագնել եւ վերջինիս օգտին միջին ամսական աշխատավարձը, որը մեկ ամսվա համար կազմում է 264.560 դրամ, բռնագանձել:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԶԱՏՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով արձակուրդից, երեկ բազմաթիվ նշանակումներ եւ ազատումներ է կատարել։ Նշանակումների մեծ մասը վերանշանակումներ են, սակայն հետաքրքրություն են ներկայացնում կադրային փոփոխությունների մասին որոշումներից մի քանիսը։ Երեկ, ի վերջո, ՀՀ առողջապահական եւ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատվել է Էդգար Խուրշուդյանը, ում շուրջը կուտակված սեւ ամպերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս էր գրել, եւ հետաքրքիր է, որ օրեր առաջ անգամ Էդգար Խուրշուդյանն ամփոփել էր իր աշխատանքային գործունեությունը։ Մյուս հետաքրքիր նշանակումը վերաբերում է Եղիշե Կիրակոսյանին, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել. մինչ այդ վարչապետի խորհրդականի պաշտոնն էր զբացեցնում եւ ազատվել է։
ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐԵԼ
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին գաղտնի քվեարկությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել քրեական գործեր քննող դատավոր Արթուր Մկրտչյանին: Քվեարկությանը մասնակցել են ԲԴԽ անդամներից 6-ը: Նշենք, որ Ա. Մկրտչյանը հանրությանը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով: 2019 թվականի հունվարի 18-ին Ա. Մկրտչյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը` Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին եւ մերժել է պաշտպանների միջնորդությունը` կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Մկրտչյանը հայտնի է նաեւ Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով: