«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի աշխատասենյակում խուզարկություն է իրականացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` խուզարկությանը մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը:
Օրերս ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք: Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով` ավագ դատախազ Լ. Կ. -ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նախաքննությունը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ ավագ դատախազը ցանկացել էր ազատել դատապարտյալ Գուրգեն Գալստյանին, որը 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի եւ Անուշավան Սահակյանի հետ, եւ իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, կոտրել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մ. Մաշտոց փողոցի 32 հասցեում գտնվող տան դուռը, ապօրինի մուտք են գործել բնակարան եւ տանը քնած ամուսիններ Փորսոր Արջամի Նավոյանի եւ Մոսկով Սաբրիի Ռավոյանի ձեռքերն ու ոտքերը կապելով, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Այս ամենի հետեւանքով հափշտակել են խոշոր չափի` 908 հազար դրամին համարժեք 1600 եվրո, 10000 ՀՀ դրամ, մեկ հատ 25000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս ու դիմել փախուստի:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին այս բացահայտումից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ-ն` նույն ինքը Լեւոն Կարապետյանն է, որը ՀՀ գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչություն ավագ դատախազ է եւ ՀՀ գլխավոր դատախազության բավականին հին կադրերից է, եւ, դատախազությունում տարածված լուրերի համաձայն, առաջիկայում թոշակի պետք է գնար:
Ըստ մեզ հասած լուրերի` Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված այս դեպքը Դատախազությունում լուրջ իրարանցում է առաջացրել: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանը որեւէ առնչություն չի ունեցել եւ առհասարակ կապ չի ունեցել Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հետ, որ, ենթադրենք, կարողանար դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործընթացին օգներ, ուստի դատախազության դատախազների համար բացահայտումը անսպասելի է եղել:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` մինչեւ Լեւոն Կարապետյանին ձերբակալելը ԱԱԾ երկու քննիչ Լեւոն Կարապետյանի հետ միասին գնացել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի ներկայությամբ խուզարկել են վերջինիս աշխատասենյակը եւ այլ քննչական գործողություններ իրականացրել:
Դատախազությունում չեն հասկացել, թե ովքեր են այդ երկու անձինք, որոնք ուղեկցում են Կարապետյանին: Ավելի ուշ, երբ ԱԱԾ-ն ձերբակալության հայտարարությունը տարածել է, դատախազության աշխատակիցները հասկացել են, թե ինչ է կատարվում, եւ ովքեր են եղել այն երկու անձինք, որոնք ուղեկցել են նրան:
Ինչեւէ, մինչ Ազգային անվտանգության ծառայությունը այս մասով քննություն է իրականացնում, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին ծառայողական քննություն է սկսել` հասկանալու համար, թե բացի ավագ դատախազ Լեւոն Կարապետյանից այլ անձինք կան, որոնք ներգրավված են եղել կամ միգուցե տեղյակ են եղել նրա այդ գործողություններից:
Ստեղծված իրավիճակի մասով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Ձեր ակնկալած տեղեկություններն ուղղակի առնչվում են նախաքննությանը, իսկ քրեական գործի տվյալները այս պահին հրապարակման ենթակա չեն»:
Անդրադառնալով դատախազության կողմից ներքին ստուգումներին` Հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ստուգման գործընթաց չկա, բայց ծառայողական քննություն է իրականացվում:
Ավելին, երեկ մեզ հայտնի դարձավ, որ ավագ դատախազ Լեւոն Կարապետյանը կալանավորվեց:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՃՈ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆ ՈՒ ԴԱՏԱՎՈՐ ԿԻՆԸ
Երեկ` օգոստոսի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կայացել է միջոցառում, որի ընթացքում նախատեսված է եղել ԲԴԽ-ի անունից Մանուշակ Պետրոսյանին համապատասխան պատվոգրի հանձնում դատական համակարգում երկար տարիների աշխատանքային վաստակի համար։ Սակայն Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ-ի պատվոգիրը՝ պատճառաբանելով դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցող գործընթացների հետ կապված ԲԴԽ-ի դիրքորոշումը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Պետրոսյանի նեղվածությունը այլ բանի հետ է կապված. նա նեղացել է իշխանություններից իր պաշտոնաթող ամուսնու հարցով:
Նշենք, որ Մանուշակ Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել էին նրա պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Մանուշակ Պետրոսյանից հետաքրքրվել, թե ինչու է նա հրաժարվել վերցնել պատվոգիրը, ի պատասխան` վերջինս ասաց, թե անհարգալից վերաբերմունքի հետ է կապված իր` պատվոգիրը չվերցնելու հանգամանքը, իսկ թե ինչ անհարգալից վերաբերմունքի մասին է խոսքը, դատավոր Պետրոսյանը չմանրամասնեց՝ անջատելով հեռախոսը:
Դատավոր Մանուշակ Պետրոսյանի կողմից ԲԴԽ-ի պատվոգիրը չվերցնելու հանգամանքը բավականին խորը արմատներ ունի:
Մասնավորապես, այս տարվա հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, աշխատանքից ազատվել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Եղիազարյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։
Իսկ թե ինչն էր Նիկողայոս Եղիազարյանի ազատման պատճառը, ոստիկանությունը չէր մանրամասնել: Պարզվում է, որ Նիկողայոս Եղիազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է, որի ազատումը խիստ վրդովել է նրանց, եւ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն, պատվոգրի չվերցնելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ դատավոր Պետրոսյանն իր ամուսնու ազատումից հետո նեղացած է իշխանություններից:
Դատելով իրավիճակից` դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կատարվածն առիթ է եղել այն բանի, որ դատավորը պատվոգիրը չվերցնի, սակայն դատական համակարգում առաջ են քաշում նրա` պաշտոնից ազատված ամուսնու հանգամանքը: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ԲԴԽ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։ Իսկ, ահա, այս օրերին 100 փաստաբան պատրաստ է պաշտպանել դատավորի շահերը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԴԵՊՔ
Երեկ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 10:30-ի սահմաններում Կամազ մակինշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին եւ հայտնել, որ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը կովշով ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի: Ավտոմեքենան տեղափոխվել է Նուբարաշենի ավբավայր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ` պարզելու համար` ինչ սեռի է պատկանում դին, ինչպես նաեւ նրա ինքնությունը:
ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում 29-ամյա ծննդկանի եւ վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Օգոստոսի 2-ին «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի, որը գտնվել է հղիության 9-րդ ամսում. պտուղը ծնվել է մահացած վիճակում, իսկ ավելի ուշ մահացել է նաեւ ծննդկանը: Քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ` դեպքի վայրի զննություն, բժշկական կենտրոնից առգրավվել են ծննադաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի եւ ծննդկանի անհատական քարտը, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի հերթապահ անձնակազմը. նախաքննությունը շարունակվում է:
ԲԵԿԱՆԵՑ
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով իրավապահներին թույլատրել էր խուզարկություն անցկացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը: Հիշեցնենք, որ դատավորի պաշտպանները դիմել էին Վերաքննիչ դատարան` խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը` դատավորի աշխատասենյակում խուզարկություն անցկացնելու վերաբերյալ: