Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3 հազար 700-ով նվազել է: Այսինքն` ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է:
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս ցուցանիշը նվազել է 8200-ով: Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 100: Այսինքն` 2017 թվականի համեմատ` Հայաստանի բնակչության թվաքանակը պակասել է 24 հազար 500-ով:
Ըստ մասնագետների` եթե պաշտոնապես նշվում է` մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնողները շարունակում են համարվել Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, քանի դեռ նրանք չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Այսինքն` արտագաղթի այն տարբերակը, երբ մարդիկ Հայաստանից հեռանում են, բայց քաղաքացիությունից չեն հրաժարվում, մշտական բնակչության թվաքանակում չի արտացոլվում: Այսպես, մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում եւ գյուղերում:
Օրինակ` Արագածոտնի մարզում բնակչության թիվը նվազել է 1800-ով, Արարատում` 1200-ով, Սյունիքում` 900-ով, Վայոց Ձորում` 700-ով, Տավուշում` 1200-ով, Արմավիրում` 700-ով, իսկ Գեղարքունիքում` 1300-ով: Սակայն բնակչության թիվը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել` 2200-ով: Իսկ, ահա, Լոռու մարզի բնակիչների թիվը մեկ տարվա ընթացքում 1700-ով է պակասել: Միայն Երեւանում է, որ բնակչության թվաքանակը ավելացել է 3700-ով: Տպավորություն է, որ երկիրը գերկենտրոնացած է մայրաքաղաք Երեւանում, որտեղից դուրս գրեթե առաջխաղացում կամ, ինչպես ասում են, կյանք չկա: Հայաստանի նախկին կառավարությունները մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին: Այն, կարծես թե, չի հաջողվում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտ: Չէ՞ որ 6 ամսվա ընթացքում մեկ մարզից 2200 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Հուսանք` այս ցուցանիշով կսկսեն մտահոգվել կառավարության անդամները: Գաղտնիք չէ, որ գյուղերում եւ մարզային քաղաքներում մարդիկ աշխատանք չունեն, որպեսզի կարողանան ապրել, ընտանիք պահել: Եւ աշխատանք փնտրելու, գտնելու հույսով բնակություն են հաստատում Երեւանում, ինչի հետեւանքով տարեցտարի գյուղերը դատարկվում են, իսկ կողպված դռները` շատանում:
Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 111, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 16 հազար 261, իսկ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` 17 հազար 171: Այսինքն` այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 150-ով պակասել է: Իսկ, ահա, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 1060-ով: Ավելացել է նաեւ մահացածների թիվը. այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը աճել է 572-ով:
Մյուս կարեւոր, բայց դրական նորությունը` ամուսնությունների թիվն է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 6802 ամուսնություն, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը աճել է` հասնելով 7406-ի: Մյուս կողմից` պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ամուսնալուծությունների թիվը կազմել է 1793` 123-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից պակաս: Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, ինչպես վիճակագրությունն է փաստում, տարիների կտրվածքով աճի միտում է ցուցաբերել: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում, բայց աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները խանգարում են հայ երիտասարդներին ընտանիք կազմել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ` ՄԱՐԶԱԲՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2020 թվականից մարզերում բազմաբնակարան շենքեր կառուցել, ինչի արդյունքում մարզաբնակ երիտասարդ ընտանիքները կկարողանան հիփոթեքային տարբերակով բնակարաններ գնել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Քաղաքաշինական կոմիտեից:
Ինչպես հայտնի է, Քաղաքաշինության կոմիտեն բնակարանաշինական նոր նախագիծ է մշակել մարզերի նորաստեղծ ընտանիքների համար: Այսինքն` այն ընտանիքները, որոնք գումար չունեն նոր բնակարան գնելու, կարող են այն վարձակալել պետությունից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզերում կառուցվելու են 4 կամ 5-հարկանի շենքեր` միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ի դեպ, ծրագիրը կիրականացվի Վանաձոր, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաեւ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում: Քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Գյումրիում Շիրակի եւ Լոռու մարզերի անօթեւանության եւ տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի արտագնա նիստին հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցելուց հետո սկսում են այս ծրագիրը: Նրա խոսքով` սկզբնական փուլում կկառուցվեն 1-ական սեյսմակայուն բնակելիներ` 4 կամ 5-հարկանի. «Դրանք լինելու են նոր սերնդի` էներգաարդյունավետ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան տներ` աշխարհին ապացուցելու համար, որ կարող ենք»: Ըստ Վահագն Վերմիշյանի` շենքերը կառուցվելու են 1 տարվա ընթացքում: Եթե ծրագիրը հաջողվի, ապա այն շարունակական կլինի:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԶԱՏԱՄՈՒՏՑՈՒ ՄԱՐՏԻ 8-Ի «ՆՎԵՐ»-Ը ԿՆՈՋԸ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի բնակիչ 1978թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. մարտի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության 7/7 հասցեում կրկին միավորվելու եւ համատեղ ապրելու շուրջ վիճաբանության մեջ է մտել իր նախկին կնոջ` 1982թ. ծնված համագյուղացու հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ԿԱՊԱՐՈՎ, ԾԽՈՎ ԵՎ ՓՈՇՈՎ ՀԱԳԵՑԱԾ ՄԻՍ
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի շուկայի դեմ-դիմաց` միջպետական ավտոճանապարհի եզրին, բացօթյա կերպով միս է վաճառվում: Այդ միսը համեմվում է երթեւեկող ավտոմեքենաների արտանետած ծխի մեջ առկա կապարով, ծանր այլ մետաղներով, ճանապարհի փոշով: Այդ միսը սպառողների առողջության համար վտանգ է ներկայացնում: Սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է համապատասխան ստուգումներ կատարի նման երեւույթները բացառելու համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԲՈՒԺԱԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քկհ-ի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.-ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի եւ արգելված այլ իրերի ներթափանցման փորձը քրեակատարողական հիմնարկ: Վ. Ա.-ի կայանած ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Արմավիր» քկհ-ի դատապարտյալներին փոխանցելու համար նախատեսված արգելված մի շարք իրեր, այդ թվում` մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող 40գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 2 փաթեթ, «Lyrica 30mg» տեսակի հոգեմետ 50 դեղահաբ, 5 բջջային հեռախոս եւ բջջային հեռախոսի 2 լիցքավորման սարք, 124.000 ՀՀ դրամ, գործարանային արտադրության 1լ տարողությամբ 1 շիշ կոնյակ, 1լ տարողությամբ 6 շիշ գարեջուր: Հարուցվել է քրեական գործ. Վ. Ա.-ն ձերբակալվել է: