«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը: Նա անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, խոստովանել, թե ինչի համար է ափսոսում, նշել, թե երբ է եղել իր կյանքի շրջադարձային փուլը:
-Էմմա՛, Ձեզ հիշում եք` սկսած ո՞ր տարիքից:
-Մանկապարտեզային տարիքից, երեւի 4 տարեկանից: Որոշ դրվագներ են տպավորվել: Հիշում եմ ինձ բակում, ծնողներիս հետ, ոչ Երեւանում, մանկապարտեզի հանդեսներին, դպրոցի մասին երազելիս:
-Մանկությո՞ւն, պատանեկությո՞ւն, թե՞ երիտասարդություն. ո՞րը կվերադարձնեիք:
-Ուսանողական տարիներս:
-Դժվարությամբ եք ներում մարդկանց, որոնք…
-Ժամանակին դժվարությամբ էի ներում, ավելի զգացմունքային էի, բայց հասունանալով` շատ բան փոխվեց, նոր, շատ ավելի կարեւոր բաներ գտա իմ մեջ, քան զգացմունքայնությունն է:
-Բնության մեջ Ձեր տեսած ամենաուշագրավ բանը ո՞րն է եղել:
-Բեյրութում տեսել եմ մի ֆանտաստիկ լեռ, որտեղ տարիների ընթացքում ջուրը կաթալով քայքայել է ներսը, լիճ է գոյացել, եւ ես նավով շրջել եմ այդ տարածքում: Այդտեղ բեկորները սառցի են նման, որոնք կարծես ինքը` բնությունն է քանդակել: Դա մի վայր է, որտեղ մարդու ձեռք չի կպել:
-Ի՞նչը կփրկի աշխարհը:
-Միանշանակ, սերը:
-Միշտ պատրաստ եք օգնել նրանց, ովքեր…
-Կանչում են, ձեռք են պարզում, ունեն իմ օգնության կարիքը, որվքեր սպասում են ինձ: Իհարկե, որոշ առումով սպասում եմ նաեւ երախտապարտ վերաբերմունքի` ժպիտի կամ շնորհակալության, ձեռքսեղմումի տեսքով: Դա նոր թեւեր է տալիս ինձ:
-Շատ եք զղջում կամ ափսոսում այն բանի համար, որ…
-Գուցե ինձնից էր, գուցե ոչ, ափսոսում եմ, որ Աստված ասաց` մի տղայով բավարարվեք: Պահեր կան, երբ մտածում եմ` այ եթե ես մի քիչ ուշադիր լինեի, այսինչ բանը այսպես չանեի, գուցե այլ կերպ ստացվեր ամեն բան: Այսինքն` ափսոսանքից զատ իմ վերաբերմունքի մեջ կան նաեւ զղջումի կաթիլներ:
-Սովորաբար Դո՞ւք եք հեռանում, թե՞ Ձեզանից:
-Ես եմ հեռանում: Ինտուիցիաս, հոտառությունս օգնում են ինձ եւ ասում են` գնա: Երբ ասում են` ներքին ձայնին լսի՛ր, դա ճիշտ է:
-Ձեր կյանքի շրջադարձային փուլը ե՞րբ էր:
-Երբ Կոնսերվատորիայում կոմպոզիտոր ուսանողների համար նախատեսված մրցույթին գնացի, ասացի, որ ունեմ երգեր եւ ուզում եմ ներկայացնել մրցույթին (ես հիմա զարմանում եմ իմ համարձակությունից, մտածում եմ` այդ ինչ պայթեց իմ մեջ, որ գնացի այդ քայլին), հետո դրանք ձայնագրելու առաջարկ ստացա, ապա մեկնեցի Փարիզ: Ընդ որում, բոլորովին պատրաստ չէի գնալ Փարիզ, մասնակցել Ազնավուրի ծննդյանը նվիրված նկարահանումներին: Այդ փուլը շրջադարձային էր նաեւ նրանով, որ իմ կյանքում հայտնվեց Արամը եւ ինքնաթիռի մեջ ասաց` արի ամուսնանանք:
-Երբ անհաջողություն է լինում, առաջինը մտածում եք…
-Հիմա անհաջողություններին նայում եմ որպես դաս, մտածում եմ` ինչու սա ինձ հետ պատահեց, ինչ է ուզում ասել կյանքը սրանով, ինչ չեմ արել, որ սա ինձ հետ տեղի ունեցավ: Ես բավական աշխատում եմ ինքս ինձ հետ: Տարիներ առաջ պետք է մեկնեի Տաշքենդ եւ երբ հայտնվեցի օդանավակայում, ինքնաթիռն արդեն օդում էր, ինչը նշանակում էր` մի գնա, չի ստացվելու, բայց ես համառորեն համոզեցի ծնողներիս, որ պետք է մեկնեմ: Հետո, երբ չստացվեց այն, ինչի համար պետք է մեկնեի, հետ տվեցի ժամանակն ու հասկացա, որ կյանքում ստանում ենք նշաններ, որոնց հանդեպ գուցե պետք է ավելի ուշադիր լինենք:
-Կենդանակերպի ո՞ր նշանի ներքո եք ծնվել:
-Կշեռք եմ:
-Արտերկրից Ձեզ հետ անպայման բերում եք…
-Արամը սիրում է մեծ մոխրամաններ, ես` սափորներ, փայտե արձանիկներ, գրքեր, բաներ, որոնք կապված են տվյալ երկրի, ժամանակի հետ:
-Փախչում եք այն մարդկանցից, որոնք…
-Փախչելն իմը չէ, ես պարզապես հեռանում եմ:
-Ձեր աստղային ժամը ե՞րբ էր:
-2000 թվականը, երբ թողարկվեց «Սեւ ու սպիտակ» ձայնասկավառակը, բոլոր այն շրջանները, երբ մենք ինչ-որ բան ծնեցինք: Մեր մենահամերգները կարող եմ առանձնացնել, իմ հեղինակած «Սեւ դառը շոկոլադ» ստեղծագործության բեմադրությունը, որի շնորհիվ գտա նոր Էմմայի: Սրանք ոչ թե աստղային ժամեր են, այլ ինձ գտնելու ժամեր:
-Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ոգեշնչում:
-Մարդը: Նրանից է ամեն բան ելնում, եւ դեպի նա են բոլորը վերադառնում:
-Դրամա՞, պատմակա՞ն, թե՞ դետեկտիվ ֆիլմ:
-Դետեկտիվն ինձ համար չէ, բայց դրամաներ եւ պատմական ֆիլմեր սիրում եմ:
-Տղամարդը կմեծարի կնոջը, երբ…
-Ինքն իրեն այդ կնոջ հետ ներդաշնակ կզգա, երբ կինն իրեն պարգեւում է հաղթանակ, ուժ:
-Կինը միշտ պետք է հիշի, որ…
-Որ մեղմ է, քնքուշ է, որ կին է…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՍԵՆՍԱՑԻՈՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
Արդեն հոկտեմբերին Հայաստանում կկայանա «Միքս Ֆայթ 44» խառը մենամարտերի մրցաշարը: Այս մրցաշարին կմասնակցի նաեւ մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հենց Վարդան Մնացականյանի հետ:
-Ինչպե՞ս են ընթանում մրցաշարի կազմակերպչական աշխատանքները, որտե՞ղ են կայանալու մենամարտերը:
-Հիմա աշխատում ենք «Միքս Ֆայթ» 43 եւ 44 մրցաշարերի վրա: Առաջինը կկայանա Իսպանիայի Վալենսիա քաղաքում սեպտեմբերին: Հայաստանում կայանալիք մրցաշարը տեղի կունենա հոկտեմբեր ամսին, սակայն հստակ օրը եւ վայրը դեռեւս ասել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ մեծ շոու է լինելու:
-Դուք հայտարարել եք տարածել, որ հոկտեմբերին անցկացնելու եք Ձեր վերջին մենամարտը: Կմանրամասնե՞ք մի փոքր այդ մենամարտի մասին:
-Ես վերջին անգամ ռինգում եղել եմ 3 տարի առաջ եւ հիմա շատ եմ ցանկանում կարիերաս ավարտել` մենամարտելով հայրենի հողի վրա: Մրցակցիս անունը դեռեւս պարզ չէ, իսկ մարզումներս կանցկացնեմ Հայաստանում եւ Իսպանիայում:
-Հնարավո՞ր է մրցաշարը չսահմանափակվի միայն տղամարդկանց մենամարտերով:
-Այո: Կլինեն նաեւ կանանց մենամարտեր: Սա սպորտ է, եւ այստեղ չի գործում ոչ մի խտրականություն:
-Ի՞նչ նոր անակնկալներ են սպասվում խառը մենամարտերի երկրպագուներին:
-Արդեն կնքել ենք պայմանագրեր տարբեր մարզիկների հետ: Շուտով կհայտարարենք անունները: Կարող եմ ասել, որ մեծ շոու է լինելու, եւ մրցաշարին կմասնակցի նաեւ 210 կգ քաշային Ֆրեդի Ռանկինգը, որն ավելի հայտնի է El Gigante մականվամբ: Նա 27 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Ֆրեդիի մրցակիցը կլինի հայազգի Արման Սահակյանը (85կգ):
-«Ժողովուրդ» օրաթերթին տված նախկին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ հնարավոր է «Միքս Ֆայթ 44»-ին որպես հյուր Հայաստան ժամանի իսպանական Լա Լիգայում հանդես եկող հայտնի ֆուտբոլիստներից մեկը: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:
-Այդ մասին պարզ կդառնա ավելի ուշ: Ես զրուցել եմ տնօրենի հետ, սակայն հստակ ոչինչ ասել չեմ կարող: Դա կախված է նաեւ նրանց խաղային օրացույցից:
-Կա՞ հնարավորություն, որ մրցաշարին մասնակցի Միհրան Հարությունյանը:
-«Միքս Ֆայթ 44»-ին չի մասնակցի, իսկ հետագայի մասին դեռ չգիտեմ: Կլինեն հայ այլ մարզիկներ, որի մասին կհայտարարեմ 2 շաբաթից: Նշեմ, որ սենսացիոն մենամարտեր են լինելու:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ «ԱՐՍԵՆԱԼԸ» ՊԱՐՏՎԵՑ
Կատալոնիայի «Կամպ Նոու» մարզադաշտում կայացավ Գամպերի գավաթի «Բարսելոնա» – «Արսենալ» հանդիպումը: Խաղն ավարտվեց կապտանռնագույնների 2:1 հաշվով հաղթանակով: Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը եւ ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում: Հավելենք, որ լոնդոնցիներից գոլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը, իսկ կատալոններից աչքի ընկավ Լուիս Սուարեսը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց «Արսենալի» ֆուտբոլիստ Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:
65-ՐԴ ՐՈՊԵԻՆ
Կայացավ Անգլիայի Սուպերգավաթի «Լիվերպուլ»-«Մանչեստեր Սիթի» հանդիպումը, որը ավարտվեց «Սիթիի» հաղթանակով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, եւ մանչեստրցիները կարողացան ամրագրել իրենց հաղթանակը 11մ հարվածարով: Այս խաղի 65-րդ րոպեին «Մանչեստեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեժուսը կարողացավ դրիբլինգի միջոցով շրջանցել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, որի շնորհիվ դարձավ առաջինը վերջին 65 խաղերում, որը կարողացել է նման արդյունքի հասնել հոլանդացի պաշտպանի դեմ պայքարում:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ