ԲՀԿ-Ն ԵԹԵ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵՐ, ԿԱՀԱԶԱՆԳԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արած հայտարարությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը անակնկալ հայտարարել էր, թե մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք, մի գաղտնի զեկույց է նախապատրաստվել: Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եւ ամբողջությամբ ձախողված, այն նաեւ հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, եւ ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ է առաջացրել տարբեր քաղաքական ուժերի շրջանակում: Նախորդ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ փաստաթղթի մասին կարող է խոսքը լինել: Նշվում է նաեւ, որ իշխանությունները մտահոգված են այն բանի համար, որ հնարավոր է այդ փաստաթուղթն առաջիկայում հրապարակվի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր լծվել են այդ փաստաթղթի հրապարակման գործին:
Ի դեպ, նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արդեն պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը` հասկանալու համար` իրականում ինչի հետեւանքով է 2014 թվականին նման իրավիճակում հայտնվել երկիրը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ` պարզելու համար` արդյոք ԲՀԿ-ին հայտնի է, թե ինչ գաղտնի զեկույցի մասին է խոսքը, ու արդյոք նաեւ դա է եղել պատճառը, որ ԲՀԿ-ն դուրս է եկել իշխանությունների կազմից:
-Պարո՛ն Պետրոսյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք, մի գաղտնի զեկույց է նախապատրաստվել, որը տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եղել: Ի՞նչ տեղեկություն ունի ԲՀԿ-ն այդ հարցից, Ձեր կուսակցությունը նախորդ իշխանությունների հետ կոալիցիա էր կազմում, Դուք տեղյա՞կ էիք կաթվածահար իրավիճակի մասին:
-«Բարգավաճ Հայաստանը» երբեք ժողովրդի ու պետության հետ խաղ չի խաղացել, մեր` իշխանություն, այնուհետեւ ընդդիմություն դառնալը ինչ-որ մի բանի անհրաժեշտությունից ելնելով չի եղել: ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ ղեկավարվում է բացառապես ժողովրդի ցանկությամբ: եթե ժողովուրդը մեզ ցանկացել է տեսնել, որպես իշխանություն, մենք ուրեմն եղել ենք իշխանություն: Իսկ այդ ամենը եղել է ընտրական գործընթացի հիման վրա, օրինականությունների շրջանակներում: Ու հայտարարել, թե ԲՀԿ-ն ինչ-որ բան է զգացել, ինչի համար էլ դուրս է եկել իշխանությունից, իրականում նման բան գոյություն չունի: Այդ ամենը իրականության հետ որեւէ կապ չունի: Մենք որեւէ տեղեկություն չենք ունեցել, ու այդ ամենը կապել մեզ հետ իրականությանը չի համապատասխանում: Ես չգիտեմ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը. եթե Նիկոլ Փաշինյանը խոսել է դրա մասին, ավելի ճիշտ կլինի, որ ինքն էլ ասի, թե ինչ գաղտնի զեկույցի մասին է խոսքը: Մենք չենք ղեկավարվում այն սկզբունքով, որ եթե ինչ-որ վտանգ կա` պետության հետ կապված, իշխանությունից դուրս գանք, եթե շահեկան է, դառնանք ընդդիմություն:
-Այսինքն` Դուք տեղյակ չե՞ք, որ նախորդ իշխանությունները նման զեկույց ունեն պատրաստած:
-Եթե մենք իմանայինք, որ նման փաստաթուղթ կա, մենք անպայման դրա մասին կահազանգեինք` թքած ունենալով ցանկացած պետական պաշտոնի վրա: Մեզ համար ոչ թե գլխավորը պետական պաշտոն զբաղեցնելն է, այլ մեզ համար գլխավորը երկրի ազգային անվտանգության շահն է:
-2014 թվականին ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության կողմից ներկայացված բյուջեի նախագծին: Գուցե ԲՀԿ-ն տեղյա՞կ էր, որ կառավարական համակարգը կաթվածահար վիճակում է, ինչի համար էլ մերժել եք կառավարությանը:
-Բյուջեին դեմ քվեարկելը չպետք է ինչ-որ փաստաթղթի հետ կապել. մենք կողմ ենք քվեարկում նախագծերին, եթե տեսնում ենք, որ կառավարության ներկայացրած բյուջեն ի վիճակի է ապահովել ՀՀ-ի` Սահմանադրությամբ հռչակված սոցիալական, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն լինելու հնարավորությունը, մենք այդ ժամանակ ենք կողմ քվեարկում: Եթե մենք տեսնում ենք, որ այդ բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն, չի կարող նպաստել տնտեսական հզորացմանը, բնականաբար մենք դեմ ենք քվեարկում: Բայց ոչ թե մեզ համար լրացուցիչ փաստաթուղթ է պետք, որ մենք կողմնորոշվենք, թե ինչ անենք, մեզ համար ամեն ինչ հստակ է, մենք առաջնորդվում ենք բացառապես երկրի անվտանգության, մեր պետականության շահերով: Թե ինչ փաստաթուղթ ունի Փաշինյանը, չգիտենք, մեզ նման փաստաթուղթ հայտնի չի: Ես անձամբ չգիտեմ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը:
-Դուք համամի՞տ եք, որ իսկապես 2014 թվականին պետությունը կաթվածահար վիճակում էր գտնվում:
-Ամենակաթվածահար վիճակը հիմա է երկրում, երբ գլուխ է բարձացնում շատ վտանգավոր կատեգորիաներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը, մեր պետականությանը: Երբեք այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել, սա աննախադեպ իրավիճակ է:

 

 

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՃԻՇՏԸ ԿՊԱՏՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Արցախում կարծես թե աժիոտաժ է առաջացրել Ադրբեջանում: Վարչապետի ելույթից հետո ադրբեջանական լրատվամիջոցները որոշել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որակել որպես քաղբանտարկյալ:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն իր դիտարկումներում նշել է. «Իրականում ղարաբաղյան կարգավորման Փաշինյանի դիրքորոշումն ավելի ծայրահեղական եւ անհաշտվողական է, քան ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը: Հայաստանի նախկին նախագահ, ներկայումս թիվ մեկ քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանը, որ բռնադատված է Երեւանի նոր վարչախմբի կողմից, երբեք թույլ չի տվել նման բաց եւ միանշանակ ձեւակերպումներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հետ»:
Այս դիտարկումում փաստորեն Ռ. Քոչարյանին ադրբեջանական կողմը համարում է ընդդիմության առաջնորդ ու, ավելին, համարում է, որ Ռ. Քոչարյանը Հայաստանի քաղբանտարկյալն է:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ` պարզելու համար նրանց դիրքորոշումը` ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունների հետ կապված: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ծիծաղելի է համարում նման որակումները` Ռոբերտ Քոչարյանի անձի հետ կապված. «Ադրբեջանական մամուլի գրածն արդեն ծիծաղելի է, ես լուրջ չեմ վերաբերվում նման հայտարարություններին, կարծում եմ` վարչապետի ելույթը Արցախում նման ելք էր ունենալու, Ադրբեջանին այլ բան չէր մնում, քան նման բան հայտարարելը»:
Իշխանական պատգամավորը հայտարարեց, որ պետք չի լուրջ վերաբերվել նման հայտարարություններին, քանի որ այս ժամանակահատվածում նման բաներ շատ են լինելու: Իսկ մեր դիտարկմանը, թե ՀՀ-ում եւս կան ընդդիմադիր ուժեր, որոնք հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է, ասաց. «Ես չգիտեմ` ովքեր են իրենք, իրենք լավ կանեն` նման հայտարարություններ անելու փոխարեն դուրս գան փողոց, շփվեն հասարակության հետ ու տեսնեն, թե հասարակությունը Ռ. Քոչարյանին ինչ է համարում ու ինչքան է ցանկանում, որ քանի տարով Ռ. Քոչարյանը դատապարտվի: Հանրության հետ շփվելով` իրենք իրական կիմանան` ինչ ու ոնց»:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

8 ՔԿՀ ՊԵՏԵՐ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ
Քրեակատարողական հիմնարկի պետերին ազատելու գործընթացը շարունակվում է: Երեկ գրեցինք, որ ՔԿ ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը լծվել է ՔԿՀ պետերի ազատման գործընթացին: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` պաշտոնից ազատվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Ժորժիկ Վարագյանը, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյանը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը: Իսկ մինչ այդ պաշտոնից ազատվել էին «Արմավիր» ՔԿՀ պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ պետը եւ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանը , որին ավելի ուշ Արթուր Գոյունյանը նշանակեց իր տեղակալ: Այսքանով ազատման գործընթացը չի դադարում: Երեկ պաշտոնից ազատվել են «Վարդաշեն» ՔԿՀ պետ Վազգեն Առաքելյանը, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Հովհաննիսյանը: Այսպիսով, ՔԿՀ նախկին պետերից մնացել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Մարգարյանը, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը, «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը եւ «Գորիսի» ՔԿՀ պետ Տիգրան Չալյանը:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Ազգային ժողովի շրջանակներում գործում է «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահը ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ակումբի անդամները վերջերս հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Ընդ որում, հանդիպումը եղել է «ՀՀ խորհրդարանական առաջին ընտրությունների 100-ամյակը եւ ընտրական ավանդույթների ձեւավորումը Հայաստանում» թեմայով: Մենք տեղեկացանք, որ Ռուբեն Թորոսյանը ներկայացրել է խորհրդարանի երկրորդ պալատ ստեղծելու մասին առաջարկություն, ըստ որի` ՀՀ քաղաքացիները քվեարկությամբ Սփյուռքի ներկայացուցիչներին կընտրեն պալատի անդամներ: Պալատը չի ունենա վճռական ձայնի իրավունք, կլինի խորհրդակցական մարմին։ Մենք տեղեկացանք, որ կլոր սեղանի մասնակիցները հիմնականում կողմ են արտահայտվել երկրորդ պալատ ունենալու գաղափարին, միաժամանակ ներկայացրել տարբեր տեսակետներ, կիսվել մտահոգություններով։ Սակայն բոլորը կողմ են եղել սփյուռքահայերի միասնականությանը: Իր հերթին Հովիկ Աղազարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել համահայկական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն սփյուռքահայության հետ կապված խնդիրներն ու վերոնշյալ առաջարկությունը:




Լրահոս