ԱՐՑԱԽԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր է` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը բուռն եռուզեռի մեջ է։ Երեկ տեղի ունեցավ Համահայկական յոթերորդ խաղերի բացումը, իսկ նախօրեին էլ մեծ հանրահավաք էր, որն իսկապես բացառիկ էր Արցախի համար։

Երեկ ամբողջ օրը՝ վաղ առավոտից, արցախցիները քննարկում էին նախօրեին տեղի ունեցածը, վերլուծություններ ու հետեւություններ անում։
Նախ` իսկապես նման հանրահավաքի անցկացումը բացառիկ էր արցախցիների համար, որոնք սովոր չէին այդպիսի երեւույթի, եւ Ստեփանակերտում եւս շատերն էին այն կարծիքն արտահայտում, որ արցախցիներին շատ դժվար է մեկ վայրում հավաքել, եւ նրանք դժվարությամբ են իրենց էմոցիաներն արտահայտում։ Եվ կարող ենք ասել, որ այդ կարծրատիպը կոտրվեց, քանի որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ արցախցիներն արտահայտեցին իրենց էմոցիաները, իհարկե, ոչ սպասվածի պես բուռն։
Արցախի ներքին քաղաքական կյանքում լարվածություն է եւ առաջիկայում էլ կարող է սրվել՝ կապված սպասվող զարգացումների հետ։ Հանրահավաքի ժամանակ այդ հանգամանքը եւս ակնհայտ դարձավ. խոսքն Արցախի ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանի մասին է, ում մի խումբ համախոհներ սուլում էին Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ՝ վանկարկելով Սամվել Բաբայանի անունը։ Սա եւս մեկ ապացույց է, որ, անկախ սահմանադրական փոփոխություններ անել-չանելուց, առաջիկայում Սամվել Բաբայան անձը լուրջ գործոն է լինելու, որը երկու դեպքում էլ կարող է նոր լարվածության հիմք ստեղծել։ Այն, որ նա Արցախում ունի համախոհներ, դա ակնհայտ է, եւ այդ փաստն էլ հասկանում են նաեւ ներկայիս ղեկավարությունը, որոնք էլ դեռ չգիտեն՝ ինչ պետք է անել լարվածությունը պիկին չհասցնելու համար։
Երեկ այդ սուլոցները հանրահավաքի ձախողումներից մեկը կարելի է համարել։ Բայց ամբիոնին կանգնածներին, հատկապես հայաստանցի ղեկավարներին եւս մեկ «հարված» էր սպասում. խոսքը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող պաստառներին է վերաբերում։ Փաստացի սա հարված էր հենց հայաստանցի իշխանություններին, որը ցույց տվեց, որ Արցախում բազմակարծություն է առկա։
Առհասարակ, հանրահավաքների բացակայության պատճառով նախօրեին արցախցիները դժվարությամբ էին ընկալում տեղի ունեցածը, հնչած մեսսիջները։ Շատերը, մինչ հանրահավաքի մեկնարկը չհասկանալով, թե ինչ է սպասվելու, նույնիսկ մտադրություն չունեին մասնակցելու հանրահավաքին՝ «ի՞նչ պետք է ասեն մեզ», «ինչերի՞ս է պետք» արտահայտություններով։ Եվ իսկապես նրանք այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե ինչ էր սպասվում հանրահավաքին, եւ դրանից հետո էլ չէին ընկալում, թե ինչու պետք է Հայաստանի վարչապետը նման ելույթ ունենա, իրենց մեսսիջներ հղի։
Եվ սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վստահաբար կարող ենք ասել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Արցախում այլեւս չեն ընդունում, նրան չեն վերաբերվում նախկինի պես եւ իսկապես նախագահի փոփոխություն են ակնկալում։ Արցախցին եւս իշխանության փոփոխություն է ցանկանում, սակայն տրամադրությունները հեղափոխական չեն, այլ խոսքը հենց ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու մասին է։ Եվ իսկապես արդեն փոփոխությունների ցանկությունը տեսանելի է եւ հաշվի առնելով թեկնածուների բազմազանությունը` ընտրական եւ նախընտրական իրավիճակը կարող է թեժ լինել` հատկապես Սամվել Բաբայանի գործոնով պայմանավորված։
Եվ թվելով երեկվա հանրահավաքի դրական եւ բացասական կողմերը` կարող ենք արձանագրել, որ իր խոստումը կարողացավ կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը խոստացել էր 10 հազար մարդով ներկայանալ հանրահավաքին եւ այդպես էլ արեց. բերված մարդկանց թիվը մոտ էր խոստումի չափին։ Սակայն, ամեն դեպքում, արձանագրենք, որ Արցախում առաջիկայում ոչ այնքան հանգիստ օրեր են սպասվում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ ԿՓՈԽՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի։ Ըստ Սոցապ նախարարության՝ այն հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում. հաշմանդամությունը դիտարկել` ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության եւ մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Բացի այս, նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ եւ հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթեւ, միջին, ծանր, խորը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ ֆունկցիոնալության գնահատման կենտրոնները նախատեսվում են տեղակայել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (ՀՍԾՏԿ), հետեւաբար կենտրոնների ստեղծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի: Ի դեպ, ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք իրականացնում են հաշմանդամության սահմանման գործընթացը, մեծամասամբ տեղակայված են վարձակալությամբ տրամադրված տարածքներում, որտեղ չկան բավարար պայմաններ քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար: Բայց Սոցապ նախարարությունից վստահեցնում են, որ գնահատման կենտրոնները կունենան բոլոր պայմանները քաղաքացիների սպասարկման համար:

 

 

 

 

ՀՀԿ-Ի ՕԳՏԻՆ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԴԵՌ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ՀՀԿ օգտին աշխատող Ջուլիետա Կոկոլյանին շուրջ 1 տարի է, ինչ իրավապահները փնտրում են, սակայն դեռ չեն գտել: Հիշեցնեք, որ Կոկոլյանը մեկ այլ մեղադրյալ Լեւոն Գասպարյանի հետ 2017 թվականի ապրիլի 2-ին խոչընդոտել էին Araratnews.am կայքի, հիմա Factor TV-ի լրագրող Շողիկ Գալստյանի եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող, ներկայում ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Այս քրեական գործը մտել էր դատարան, եւ Կոկոլյանը դատարան չէր ներկայացել` հայտնելով, որ գտնվում է հոգեկան ծանր վիճակում, «հոգեմետ դեղեր է ընդունում»: Ավելի ուշ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց Կոկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարել ու բերման ենթարկել, ու մինչեւ օրս նրան փնտրում են: Փաստ է մեկ բան, որ դատարանում նրա մասով քրեական գործը դեռեւս կասեցված չէ:

 

 

 

ՀԵՔԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա` մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխան այրվածքները ստացել է օոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուկի միջոցով: Գործողության հետեւանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա:
Տեղամասային բժիշկը նրանց տրամադրել է ուղեգիր` բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն եւ շարունակել են նույն «մեթոդով» բուժումը: Երեխայի վիճակը գնալով ծանրացել է, եւ միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման դեպքերից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ցանկացած առողջական խնդրի դեպքում չհապաղել եւ դիմել բժշկի օգնությանը: Ոչ մի պարագայում մի՛ դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը:

 

 

 

 

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՀԵՌԱՑԱՎ
Այսօր աշխատանքից ազատվել է Պետական վերահսկողական ծառայության իրավախորհրդատու Կարո Ղուկասյանը: Այս մասին նա գրառում է կատարել իր էջում: Վերջինս նաեւ նշել է, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում: «Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից: Պատճառը հաստիքի կրճատումն է` չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը եւ իր տեղակալը ինչքան ծանոթ, բարեկամ ունեն, բերել են եւ տեղավորել գործի»,- գրել է նա:

 

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոտսոսի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Փոխվարչապետը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին պետք է ներկայացնի Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

 

 

20 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Համահայկական ամառային խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ 7-րդ խաղերը լինելու են լավագույններից, իսկ բացման արարողությունը, Զաքարյանի կարծիքով, հավակնում է դառնալ խաղերի 20-ամյա պատմության ընթացքում լավագույնը: Ի. Զաքարյանը նշել է, որ խաղերին մասնակցելու համար ժամանել է շուրջ 5244 հոգանոց պատվիրակություն: Արցախ են ժամանել նաեւ մարզիկների հարազատներն ու Սփյուռքից հյուրեր, ովքեր կմասնակցեն խաղերի բացման արարողությանը:




Լրահոս