ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում արդեն նախկին նախարարությունների մի շարք կադրեր կանգնել են փաստի առաջ: Մշակույթի, սպորտի եւ կրթության ու գիտության նախարարությունների միավորումից հետո վերակազմակերպման արդյունքում շատերին առաջարկվել է մի քանի անգամ ցածր կարգավիճակի պաշտոն: Նախկին նախարարությունների աշխատակիցների մի մասը մերժել է առաջարկը, մյուս մասը, այլ տարբերակ չունենալով, ստիպված է եղել ընդունել այն:

Ընդ որում, թիրախում մեծ մասամբ հայտնվել են Մշակույթի եւ Սպորտի նախարարությունների նախկին աշխատակիցները: Արդեն նոր գերատեսչությունում բարձր պաշտոնների բաշխման հարցում նախապատվությունը տրվել է Կրթության եւ գիտության նախարարության նախկին աշխատակիցներին: Նախկինում ՀՀ մշակույթի նախարարությունում իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Անուշ Ղազարյանը այն աշխատակիցների թվում է, որոնց առաջարկվել է անհամեմատ ցածր պաշտոն: Նա մերժել է առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ ինչու է վարչության նախկին պետը կտրուկ քայլի դիմել, ինչը նրան չի բավարարել, եւ այլընտրանքային ինչ տարբերակ կարող էր կիրառվել, որպեսզի աշխատակիցները նման իրավիճակում չհայտնվեին:
-Տիկի՛ն Ղազարյան, Ձեզ ի՞նչ պաշտոն է առաջարկվել, եւ ինչու՞ որոշեցիք մերժել: Ի՞նչ հիմքով են նման գործողություններ իրականացվում:
-Ինձ առաջարկվել է առաջատար մասնագետի պաշտոն, որը բավական ցածր կարգավիճակ է՝ համեմատած իմ նախկին պաշտոնի հետ: Աշխատավարձն էլ կրկնակի ցածր է: «Հանրային ծառայության մասին» օրենքով վերակազմակերպման արդյունքում նախկին աշխատակիցներին կա՛մ իրենց նախկին պաշտոնին հավասարազոր պաշտոն է առաջարկվում, կա՛մ ավելի ցածր: Այս պարագայում կոնկրետ ինձ նախարարությունը կարող էր գոնե վարչության պետի պաշտոնին մոտ մի բան առաջարկել, օրինակ՝ բաժնի պետի, վարչության պետի տեղակալի կամ գոնե գլխավոր մասնագետի պաշտոն:
-Ինչպես երեւում է, հիմնականում Մշակույթի եւ Սպորտի նախարարությունների նախկին աշխատակիցներն են կանգնել փաստի առաջ, այո՞: Ըստ Ձեզ՝ ինչու՞:
-Այո, միանշանակ, հենց նրանց մեծ մասամբ ցածր պաշտոններ են առաջարկվել: Նշանակություն չեն տվել՝ գործ ունեին լավ, թե վատ մասնագետի հետ: Իսկ Կրթության եւ գիտության նախարարության նախկին աշխատակիցները վերակազմակերպումից հետո էլ հիմնականում պահպանել են իրենց պաշտոնները: Գիտեմ, որ այս պահին գերատեսչությունն իրավաբանների է փնտրում: Միայն մշակույթի ոլորտում 20-ից ավել դատական գործ կա. ով պետք է դրանցով զբաղվի՝ չգիտեմ: Խնդիրն այն է, որ այդ գործերը դեռ պետք է զրոյից ուսումնասիրվեն, իսկ ես ծանոթ էի դրանց բոլոր մանրամասներին:
-Ընդհանուր առմամբ տեղյա՞կ եք՝ ինչպես են տրամադրված մյուս աշխատակիցները, որոնք եւս Ձեզ նման կանգնել են խնդրի առջեւ:
-Ինքս նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկը ստացել եմ հուլիսի 11-ին, 3 օր ժամանակ ունեի մտածելու համար, եւ առարկություն ներկայացրի, հաջորդ օրը ազատվեցի աշխատանքից: Իմ տեղեկություններով՝ ստորաբաժանման ղեկավարներից 4 հոգի արդեն ազատվել է աշխատանքից: Իսկ, առհասարակ, աշխատակիցների մի մասն ընդունում է նոր առաջարկը, քանի որ այլ տարբերակ չունի: Կա մասնագետ, որն, օրինակ, 25 տարի շարունակ աշխատել է նախարարությունում եւ նրա համար դժվար է ազատվել, կան նաեւ այնպիսիք, որոնց առաջարկվել է աշխատանք՝ նախորդ աշխատանքի համեմատ ընդամենը 5000-10000 դրամ ցածր աշխատավարձով, ուստի նրանք համաձայնել են մնալ: Իսկ այն կադրերը, որոնց պաշտոնն ու աշխատավարձը զգալիորեն իջել է, եւ նրանք մեծապես կախված չեն եղել գործատուից, պարզապես հեռացել են:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԴԵՐԵՐ»

Երգչուհի Նարինե Դովլաթյանը համագործակցում է ամերիկաբնակ հայ երաժիշտ, գործիքավորողի հետ: Երգը, որի երաժշտությունը գրել է ինքը, իսկ խոսքերը՝ Համլետ Առաքելյանը, սիրո, ինչպես Նարինեն է ասում, երկարաժամկետ զգացմունքների մասին է: Թե ով է այդ երաժիշտը, Նարինեն դեռ չցանկացավ ասել: Հնարավոր է՝ ստեղծագործության հիման վրա երգչուհին ներկայացնի նաեւ տեսահոլովակ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ նոր երգեր շատ ունի, եւ դրանք հերթով կհանձնի հանդիսատեսի դատին:

Քանի որ Նարինեն նկարահանվել է մի շարք սերիալներում եւ ֆիլմերում, հարցրինք, թե մոտ ապագայում նրան կտեսնենք արդյոք նմանատիպ նախագծերում. «Անպայման կտեսնեք ինձ ֆիլմերում, բայց սերիալներում՝ ոչ: Պարզապես ժամանակ չեմ ունենում ամբողջովին ընկղմվելու դրանց մեջ: Բայց գեղարվեստական ֆիլմերից եթե հարմար առաջարկ ստանամ, անպայման կընդունեմ: Ինքս նախընտրում եմ թեթեւ, աշխույժ, հումորային, սպորտային դերեր, բայց ինձ, չգիտես ինչու, մշտապես բաժին են ընկնում դրամատիկ կերպարներ: Հիմա որպեսզի էլի դրամատիկ կերպար մարմնավորեմ, պետք է սցենարը շատ լավը լինի, հակառակ դեպքում չեմ համաձայնի»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք ամառային հանգստի թեմայով: Նարինեն տեղեկացրեց, որ սիրում է ակտիվ հանգիստ. «Առօրյայում էլ պասիվ չեմ. շաբաթը 3-4 օր ժամանակ եմ հատկացնում մարզվելուն»,- ասաց Նարինեն:
Նա հասցրել է ճամփորդել մի շարք երկրներում՝ Կանադայում, Ֆրանիայում, Լատվիայում: Ամենաշատը երգչուհուն տպավորել է Լատվիայի մայրաքաղաքը. «Ռիգան սիրեցի, որովհետեւ ե՛ւ գեղեցիկ քաղաք էր, ե՛ւ հանգիստ: Ի տարբերություն իմ տեսած մյուս քաղաքների՝ այնտեղ մարդկանց թիվը մեծ չէր»,- նկատեց Նարինեն:
Նա խոստովանեց, որ եթե Հայաստանում կարողանում է համատեղել աշխատանքն ու հանգիստը, ապա դրսում՝ ոչ: Ի դեպ, երգչուհին նշեց, որ վաղուց իր ծննդավայր Մալիշկա գյուղում չի եղել. «Մի քանի տարի է՝ չի ստացվում գնալ, բայց այս տարի անպայման ուզում եմ այցելել, քանի որ գյուղից մշտապես վերադառնում եմ դրական էմոցիաներով»,-եզրափակեց Նարինեն:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս