ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաբեությամբ հափշտակվել է ընկերության 571 միլիոն 166 հազար դրամ արժողությամբ գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ստացված գրության հիման վրա կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ՝ պարտադիր պայմանով, որ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100, 80 և 70 միլիոն դրամ ներդրումներ կատարի և որպես սոցիալական երաշխիք 350, 500 և 700 աշխատատեղ ապահովի։

Հիշյալ կինը, ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքին խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել նաև հարկային մարմնինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ինչի հետևանքով 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։

Սնանկ ճանաչվելուց հետո, առանց որևէ փաստական հիմնավորման ընկերության 717․166․000 դրամ արժողությամբ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121․347․000 դրամ և կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն, ինչից հետո սկսվել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթաց։

Այս գործընթացին զուգահեռ Էջմիածնի բնակչուհին 2003 թվականին իր մտերիմներից մեկի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և ընկերության ողջ գույքը 1․500․000 դոլարով վաճառելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել մի գործարարի և նրա ռուսաստանաբնակ գործընկերների հետ։

Իր մտադրությունն իրականացնելու համար 2004 թվականի մայիսին լուծարային կառավարչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով սնանկ ճանաչված ընկերության ամբողջ գույքը՝ 121․347․000 դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից այն ընկերությունը, որը Էջմիածնի բնակչուհին իր մտերիմներից մեկի անվամբ նախապես հիմնադրել էր։

Գործարքից 19 օր անց սնանկ ճանաչված ընկերության գույքը ձևական աճուրդով ձեռք բերած ընկերությունը իրավահաջորդության եղանակով ընդգրկվել է մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում։

Այս մեքենայությունների հետևանքով Էջմիծնի բնակչուհին 717․166․000 դրամ արժողությամբ գույքի համար վճարելով ընդամենը 266․347․000 դրամ, լուծարային կառավարչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ընկերության 80 տոկոս պետությանն ու 20 տոկոս բաժնետերերին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 571․166․000 դրամ արժողությամբ գույքը։

Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս