4 տարի առաջ` 2015թ., Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ Իջեւանի քաղաքային շուկայի դիմաց` միջպետական ավտոճանապարհին, բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք այդ հատվածում որոշ չափով կարգավորեցին երթեւեկությունը: Սակայն խնդիր մնաց դեպի շուկա եւ հակառակ ուղղությամբ հետիոտների անցումը:
Բազմաթիվ անցորդները դանդաղ, մեկ առ մեկ անցնում են միջպետական ավտոճանապարհով` խոչընդոտելով մեքենաների երթեւեկը, խցանումների պատճառ դառնում: Հ. Աբովյանը` որպես մարզպետ, իր պաշտոնավարման շրջանում հայտարարել էր, որ նախատեսվում է այդտեղ հետիոտնի վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցել: Այդ անցումը չի կառուցվել, լուսացույց չի տեղադրվել, անցորդները շարունակում են խանգարել միջպետական ավտոճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին: Վերջերս այդտեղ ճանապարհի փոքր արհեստական թեքություն է կառուցվել, սակայն դա խնդրի լուծում չէ:
Խնդիրը կարող է լուծվել` մի լուսացույց տեղադրելով, որի շնորհիվ միջպետական ավտոճանապարհի խիստ բանուկ այդ հատվածում խցանումները, վթարային իրավիճակները կվերանան:
Ոսկան Սարգսյան
Տավուշ