Ահազանգեր պոլիկլինիկաներից. ինչ է կատարվում էլեկտրոնային առողջապահական համակարգի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրոնային առողջապահության համակարգում գրանցվել են տարբեր տեխնիկական խնդիրներ: Պարզվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է էլեկտրոնային առողջապահության զարգացման եւ ներդրման ճանապարհային քարտեզ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարության եւ Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվել է էլեկտրոնային առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության գնահատում, որի ընթացքում գրանցվել են տարբեր տեխնիկական խնդիրներ:

Տեղեկացնենք, որ համակարգի սպասարկումը իրականացնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն, իսկ սպասարկման եւ կառավարման դրույթները կարգավորվում են «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի եւ ՀՀ կառավարության` միջեւ 15 տարի ժամկետով կնքված կոնցեսիոն պայմանագրով: ԱՐՄԵԴ համակարգը մշակվել է դեռեւս 2014-2015 թվականներին եւ ներդրվել է 2017 թվականի սեպտեմբերին: Համակարգին միացած է թվով 470 բուժհաստատություն, որոնք մատուցում են բուժծառայություններ պետական պատվերի շրջանակներում:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գնահատման արդյունքում գրանցվել է, որ համակարգն աշխատում է դանդաղ, եւ կան տվյալների մուտքագրման խնդիրներ, մասնավորապես` տարբեր գործողությունների արդյունքում գրանցվող տվյալների կորուստները եւ անճշտությունները: Բացի այս, պարզվում է, որ մուտքագրված տվյալների վավերացումը շարունակում է իրականացվել թղթային ձեւերի հետ համեմատելու միջոցով, համակարգի հաշվետվողական ֆունկցիաները հիմնականում ծառայում են ֆինանսավորման նպատակների համար:

Ըստ Առողջապահության նախարարության` բացակայում են անհրաժեշտ վերլուծական գործիքները, կանխատեսման հնարավորությունները: Չնայած որ առկա են համակարգի ֆունկցիոնալ այլ բաժիններ, գործնականորեն կադրերի եւ բժշական նշանակություն ունեցող շտեմարանների, էլեկտրոնային դեղատոմսի ֆունկցիաները դեռեւս չեն կիրառվում:

Համակարգի բաժանորդային վճարները, Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մատուցման շուկայական արժեքների համեմատ, բավականին թանկ են: Ի դեպ, «ժողովուրդ» օրաթերթը բազմիցս բարձրաձայնել է ծառայության բարձր սակագների վերաբերյալ դժգոհությունները. 2017 թվականին են հիմնականում դժգոհել ՀՀ բուժհիմնարկները: Անգամ այդ նպատակով Առողջապահության նախարարությունը, անցած տարվանից սկսած, իրականացնում է ԱՐՄԵԴ համակարգի սպասարկման բաժանորդային վճարների մասնակի կամ ամբողջական սուբսիդավորում: Մեզ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունն առաջարկում է ստեղծել եւ գործարկել բժշկական մասնագետների ռեգիստր:

Պարզվում է, որ համակարգը իր ներկայիս հնարավորություններով չի ծառայում մասնավոր բժշկական հաստատություններից տվյալների հավաքագրման համար եւ բարձր ռիսկեր է պարունակում նրանց կողմից համակարգը չընդունելու առումով, քանի որ հիմնականում հարմարեցված է պետական պատվերի ծառայությունների շրջանակներում ֆինանսական տվյալների հավաքագրման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համակարգը չի ապահովում ամբողջական վիճակագրական տեղեկատվության հավաքագրումը:

Ի դեպ, սրան զուգահեռ նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ մի շարք քաղաքացիներից այն մասին, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումից հետո պոլիկլինիկաներում մեծ հերթեր են գոյանում: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ փոքրիկին պատվաստելու համար եթե նախկինում 20-25 րոպե էր տեւում, ապա հիմա ժամից ավելի կանգնում են հերթերում: Նախ` պոլիկլինիկայի ընդունարանից վերցնում են կտրոն, որով պետք է մտնեն իրենց տեղամասային բժշկի մոտ, որտեղ հերթերի մեջ սպասում են: Իսկ տվյալները գրանցելիս լինում են դեպքեր, երբ փոքրիկի ծնողն է օգնում համակարգչի մոտ նստած բժշկին կամ բուժքրոջը օգտվել համակարգչից:

Այս պատճառով նախարարության աշխատակիցները մշակել են միասնական եւ արդյունավետ էլեկտրոնային առողջապահության 2019-2023 թվականների համակարգի հետագա զարգացման անհրաժեշտ ռազմավարական ուղղություններ:

Նախարարությունն առաջարկում է բժշկական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների` ներառյալ մասնավոր բուժհաստատությունների` միասնական առողջապահական համակարգին միացման անհրաժեշտության ապահովումը, իսկ համակարգից օգտվող բժշկական անձնակազմը (ավագ եւ միջին բուժանձնակազմը) պետք է շարունակի համակարգչային գիտելիքները զարգացնել, որը հետագայում կբացառի թղթային տարբերակներից օգտվելը: Ավելին, նախատեսվում է նաեւ համակարգի սպասարկման եւ զարգացման համար իրականացվող ծախսերը կրճատել` օպտիմալացնելով համակարգի ենթակառուցվածքները, կառավարման եւ սպասարկման ծախսերի գնագոյացման սկզբունքները: Բացի այս, առաջարկվում է նաեւ համակարգում ներառել լաբորատոր եւ դեղորայքային բուժման արդյունքները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս