Արվեստում, միանշանակ, պետք է լինի ցենզուրա, չի կարող չլինել. Էվա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արվեստում, միանշանակ, պետք է լինի ցենզուրա, չի կարող չլինել: Հարկավոր են չափորոշիչներ, որոնք կկարգավորեն դաշտը, այլապես այն կարող է ողողվել մի շարք անհասկանալի երեւույթներով: Ես կողմ եմ նաեւ հսկիչ հանձնաժողովի գոյությանը. ամեն արտադրանք չէ, որ կարող է հայտնվել, օրինակ, բեմում կամ էկրանին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Էվա Խաչատրյանը:

Նրա համոզմամբ՝ ամեն իրական երեւույթ, ամեն ճշմարտություն չէ, որը կարող է էկրան կամ բեմ բարձրանալ. «Իրականության մատուցման ձեւի մեջ է արվեստը: Եթե դու ճիշտ բան ես ասում, դա դեռ չի նշանակում, թե արվեստին ես հարում: Պետք է ասելիքդ կարողանաս տեղ հասցնել գեղեցիկ, արվեստին բնորոշ ձեւով, պետք է արվեստը քարոզի չվերածվի: Յուրաքանչյուր անհատ, որը ներգրավված է այս կամ այն նախագծում, պետք է մտածի այս հարցերի շուրջ»,- մեկնաբանեց Էվան:

Նրա խոսքով՝ արվեստի գործերը պետք է քննեն ոլորտի մասնագետները, ոչ թե ով պատահի. «Հիմա միտում կա՝ ինչն անհասկանալի է, միանգամից որակվում է որպես սատանիզմ: Բոլոր ժամանակներում արվեստում կիրառվել են ոչ ստանդարտ մոտեցումներ, ոմանք քարկոծվել են, ոմանք՝ ոչ: Մեզ մոտ էլ դրանք առկա են. սա սովորական «նյութափոխանակություն է»: Եվ եթե որեւէ մեկը որեւէ գործ քննադատում է, ապա պետք է մոտենա մասնագիտական տեսանկյունից: Նրանք պետք է կարծիք հայտնեն՝ աշխատանքը որակյալ է, թե ոչ, արդյոք հաջողվել է ասելիքը տեղ հասցնել, մատուցման եղանակը ճիշտ էր, թե կարելի էր այլ տարբերակ ընտրել»,-մանրամասնեց դերասանուհին:

Խոսելով, առհասարակ, հետհեղափոխական Հայաստանի մասին` Էվան խոստովանեց, որ արտառոց ոչինչ չի նկատում երկրում, բայց նաեւ ափսոսալի առիթներ չի տեսնում. «Ես չէի էլ սպասում, որ թավշյա հեղափոխությունից հետո բոլորիս կյանքը պետք է իննսուն աստիճանով փոխվեր: Վստահ եմ՝ ժամանակի ընթացքում շատ խնդիրներ կլուծվեն, պարզապես դեռ մաշկիս վրա չեմ զգում փոփոխությունների շունչը»,-եզրափակեց Էվան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս