«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան Գրիգոր Դանիելյանը: Նա անդրադարձել է հայաստանյան շոուբիզնեսյան կյանքին, իր բնավորությանը, առավելություններին ու թերություններին: Գրիգորը խոստովանել է, որ հայտնի դառնալուց հետո ինքն ամենեւին չի փոխվել. Այդ մասին կփաստեն նաեւ ընկերները:
-Սովորաբար արթնանում եք զարթուցիչո՞վ, թե՞ առանց դրա:
-Առանց զարթուցիչի:
-Ձեզնից անբաժան աքսեսուար ունե՞ք:
-Բջջային հեռախոսը, եթե այն կարելի է աքսեսուար համարել:
-Ո՞ր եղանակին եք Ձեզ զգում «ինչպես ձուկը ջրում»:
-Ամռանը:
-Երբեք չեք հրաժարվի համտեսել…
-Կնոջս պատրաստած տոլման:
-Մականուն, որ ուղեկցել է Ձեզ դպրոցական տարիներին:
-Հայոց լեզվի դասին մի անգամ սովորեցինք, որ խափշիկը սեւամորթն է: Ու քանի որ մաշկիս գույնը բավական սեւ էր, ինձ կնքեցին «Խափշիկ» անունով: Ոչ միշտ, բայց հաճախ էին ինձ այդպես դիմում:
-Կա՞ն հարցեր, որոնք խուսափում եք ինքներդ Ձեզ տալ:
-Ոչ, փորձում եմ չխուսափել, որպեսզի գտնեմ ճիշտ պատասխանները:
-Եթե չլինեիք երգիչ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Չգիտեմ, ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ի սկզբանե դա եմ ընտրել, ինձ շատէ դուր եկել: Որ ուղով էլ գնայի, մաթեմատիկան ինձնից անբաժան կլիներ.այն իմ ամենասիրելի առարկան է: Մարքեթինգի, մենեջմենթի ոլորտում կարող էի ուժերս փորձել: Ասեմ, որ ավագ որդիս ժառանգել է հետաքրքրությունը մաթեմատիկայի հանդեպ, եւ ես էլ իմ հերթին փորձում եմ մեծացնել սերը դեպի այդ առարկան:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հայտնի դառնալուց հետո:
-Կարեւորը՝ ես չփոխվեցի.այդ մասին կփաստեն նաեւ իմ ընկերները: Փոխվեց միայն այն, որ դրսում շատերը սկսեցին ճանաչել ինձ: Ես ուրախանում եմ, երբ մարդիկ չեն ճանաչում ինձ:
-Աստղային կյանքը Հայաստանում ինչպե՞ս կբնութագրեք:
-Աստղային կյանքը շատ հարաբերական հասկացություն է: Մենք ապրում ենք այնպես, ինչպես մյուս ոլորտների աշխատողները, մի տարբերությամբ, որ մեր արած աշխատանքը տեսանելի է: «Աստղային» բնորոշումը մեր դաշտի համար չէ. մենք աստղ չենք, ընդամենը «лампочка» ենք: Մենք լուսավորում ենք լոկալ տարածքներ, իսկ աստղը՝ ամբողջ աշխարհը: Մեզ կկոչեի հանրային անձինք, բայց ոչ աստղեր:
-Հարց, որ վերջերս Ձեզ շատ են տալիս:
-Ժամանակին շատ էին հարցնում. ««Ֆուլ հաուսը» ե՞րբ է լինելու»: Հիմա հարցերն առօրյային են վերաբերում:
-Ձեզ ի՞նչ կենդանու եք նմանեցնում:
-Երբեմն՝ մեղվի` աշխատասիրության հետ կապված: Փորձում եմ 24 ժամվա մեջ ամեն բան տեղավորել: Կցանկանայի օրը 48 ժամից բաղկացած լիներ, թեպետ կասկածում եմ՝ նույնիսկ այդ դեպքում կհերիքեր ինձ, թե ոչ:
-Իսկ կենդանակերպի ո՞ր նշանի ներքո եք ծնվել:
-Այծեղջյուր եմ: Ի դեպ, կինս էլ է այդ նշանի ներքո ծնվել:
-Որո՞նք են Ձեր ամենամեծ առավելությունները:
-Կարելի է ասել՝ համբերատար եմ: Եթե այդպիսին չլինեի, հաջողության չէի հասնի: Չեմ վախենա ասել՝ աշխատասեր եմ, սիրում եմ հենց այդպիսի մարդկանց: Եթե մարդը ծույլ է, անկախ մյուս հատկանիշներից՝ աչքիցս ընկնում է:
-Իսկ ունե՞ք բնավորության այնպիսի գիծ, որի համար ինքներդ էլ երբեմն ամաչում եք:
-Քանի որ ծանրաբեռնված եմ, ցրվածություն ունեմ: Լինում է, որ շատ եմ կենտրոնանում գործի վրա եւ կողքիններին չեմ լսում, ինչ-որ բան են զգուշացնում, չեմ հիշում: Ինձ անհարմար եմ զգում նման պահերի: Տեսակով էլ եմ այդպիսին, խիտ գրաֆիկն էլ իր գործն է անում…
-Շարունակե՛ք միտքը. «Եթե կյանքը համառորեն Ձեզ անհաջողություններ է հրամցնում…»:
-Չպետք է հիասթափվել, դա փորձություն է, որը պետք է հաղթահարել: Պետք է շարժվել առաջ առանց թեւաթափ լինելու:
-Ընկերներ շատ ունե՞ք:
-Շատ ու քիչը հարաբերական հասկացություն է: Ունեմ ընկերներ, որոնք յուրաքանչյուր պահի կողքիս են: Ես ոչ ոքի չեմ մոռացել, եթե նույնիսկ հաճախ չենք հանդիպում:
-Արտիստ, որն, ըստ Ձեզ, կենդանի լեգենդ է:
-Հոլիվուդյան արտիստներից Թոմ Հենքսին եմ համակրում, չեմ սիրել Լեոնարդո դի Կապրիոյին, բայց հետո սկսեցի համակրել, Շոն Պենն է հրաշալի դերասան…Շատ կան, ամեն մեկին մի հատկության համար եմ սիրում:
-Եվ վերջին հարցը` շարունակե՛ք միտքը. «Սիրում եմ կյանքը, որովհետեւ…»:
-Ապրում եմ այն, խորհուրդ կտամ ապրել ամեն վայրկյանը եւ վայելել, ապրել մաքուր եւ այնպես, որ կարողանաս հետք թողնել:
Աննա Բաբաջանյան