
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի եւ ամերիկացի դեսպան Դեւիդ Սաթերֆիլդի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։
Քալընը հայտնել է, որ հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմում Ստամբուլի Դոլմաբահչե շրջանում։ Մեկուկես ժամ տեւած հանդիպմանը կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, նախագահ Էրդողանի՝ նոյեմբերի 13-ին ԱՄՆ կատարելիք այցի մանրամասները: