ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով անդամ Սոֆյա Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրուցել է ԿԳՄՍ նախարարության նոր որոշման, ցուցարարների՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի և այլ հարցերի շուրջ:
«Ուսանողների պահանջն արդարացված չէ, եթե կան հարցեր, որոնք իրենց այդքան էլ չի գոհացնում, ապա պետք է նստեն և դեմ դիմաց քննարկում կազմակերպեն, առկա խնդիրնրի մասին իրենց տեսակետները հայտնեն, ինչու չէ նաև պահանջեն: Փոփոխությունները բոլորս էլ գիտակցում ենք, որ արվում են ի շահ ուսանողի: Արայիկ Հարությունյանը բազմիցս տեղեկացրել է, որ պատրաստ է քննարկման »,-ընդգծեց մեր զրուցակիցը:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ խնդիրը հայոց լեզու և գրականություն առարկաների ոչ պարտադիր լինելու մեջ չէ, այլ ԲՈՒՀ-ի ծրագրային որակական փոփոխության մեջ է:
«Արդյոք այսօր ԲՈՒՀ-ի կրթական ծրագիրն ուսանողի համար որակյալ է, իմ կարծիքով՝ ոչ, քանի որ ուսանողը տարիներով վճարելով ԲՈՒՀ-ին դուրս է գալիս ոչ մասնագիտացված: Այսօր մեր կրթական օջախները մրցակցություն չունեն»,-ասաց նա:
Այն հարցին, թե «Իմ քայլը»-ում արդեն Արայիկ Հարությունյանին փոխարինողի թեկնածուներ են փնտրում , և ըստ մեր ունեցած տեղեկությունների ամենահավանական թեկնածուն ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է, Սոֆիա Հովսեփյանը նշեց.
«Իմ քայլում» նման հարց չի քննարկվել, դրանք ընդամենը ենթադրություններ են, անգամ իմ անունն է շրջանառվել: Նման հարց չի քննարկվել, և նման օրակարգ լինել չի կարող»:
Լիդա Եղիազարյան