Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն այսօր շատ ավելի բարձր է, քանի որ մեր հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբ խոսում ենք պետական կառույցի, պետության, ազգային պետության ամրության և նրա կայունության մասին, ապա դրա հիմնասյուներից մեկը դատական համակարգն է: Այն երկրները, որտեղ դատական համակարգը, որպես ամբողջություն, կայուն է, վստահելի է, անկախ է, այդ երկրներն իսկապես կայուն են»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ ամուր և առողջ դատական համակարգի շնորհիվ շատ երկրներ կարողացել են իրենց դժվարություններին ու խնդիրներին սահուն կերպով լուծում գտնել:
«Ձեր և մեր բոլորիս խնդիրն է, որ մեր երկիրը դառնա իսկապես ոչ միայն ժողովրդավար, ոչ միայն ժամանակակից, այլև, նախ և առաջ, կայուն երկիր: Եվ այդ կայունության զգացողությունը քաղաքացին ստանում է դատարանի հետ շփվելիս: Որքան դատարանն անկանխատեսելի է, որքան թափանցիկ չէ, որքան ժամանակի իմաստով իրեն տրված գործառույթը չի ապահովում, այնքան անկայունություն ու անվստահություն է առաջացնում,- նշել է նախագահ Սարգսյանը:
– Խնդիրները բազմաթիվ են, կան կառուցվածքային խնդիրներ: Կան նույնիսկ խնդիրներ, որոնք գուցե սահմանադրական են կամ օրենքների հետ են կապված: Բայց երբ խոսում են դատարանի մասին, այն վերացական մարմին չէ:
Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ տվյալ քաղաքացին կամ կազմակերպությունը շփվում են: Դու՛ք եք արդարադատության դեմքը, և, հետևաբար, տարբերվում եք ձեր առջև դրված պահանջներով, այն է՝ ապահովել անկախ, արդար և օրենքի տառին համապատասխան արդարադատություն: Յուրաքանչյուրիդ հաջողություն եմ մաղթում, բոլորդ երիտասարդ եք, ձեզ երկար տարիների անբասիր գործունեություն եմ մաղթում՝ ի փառս մեր հայրենիքի և երկրի»: