Նախարարի սխալ քայլերը հաշվի առնելով՝ միանում եմ երիտասարդներին եւ ասում եմ՝ այո՛, Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա. Դավիթ Գասպարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 11-ին վերսկսկել են դասադուլը՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ դա ուսանողական, երիտասարդական շարժում է՝ հանուն հայոց լեզվի, գրականության, պատմության պաշտպանության:

Նրանք դեմ են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր նախագծին, համաձայն որի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Նշենք, որ օրինագիծը դեռ չի դրվել հանրային քննարկման: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ:

-Պարո՛ն Գասպարյան, ինչպե՞ս եք վերաբերվում նախարարության կողմից մշակված նոր նախագծին, ո՞րն է թեմայի շուրջ Ձեր դիրքորոշումը:

-Մենք ողջունեցինք հեղափոխությունը լավ եւ ավելի լավ ժամանակների համար, բայց Արայիկ Հարությունյանի հերթական քայլերը չեն բխում ազգանպաստ գործունեությունից: Նա փակեց Կրթության ազգային ինստիտուտը՝ 10 մասնաճյուղերով. 400 հոգի մնաց անգործ, փակեց 10 անուն ամսագիր՝ հասցեագրված դպրոցին, այդ թվում՝ «Հայոց լեզու եւ գրականություն» ամսագիրը, որի խմբագիրը ես էի: Ընդ որում, 2018-ի համար ամսագրերը ֆինանսավորված են եղել: Ինչու՞ չտպագրվեց…Մել Դալուզյանի դեմ անձնապես որեւէ խնդիր չունեմ, բայց ֆինանսավորելը նրան նվիրված ֆիլմը համարում եմ ամոթալի. մենք ի՞նչ ենք պրոպագանդում, ի՞նչ ենք քարոզում: Նախարարության կողմից ֆինանսավորված «Հուզանք ու զանգ» ներկայացումից գերատեսչությունն ինքը պատկերացում չի ունեցել…Ինքս ազատ արվեստին, նորարարությանը կողմնակից մարդ եմ, եւ ամբողջ գործունեությունս դրա վկայությունն է, բայց այդ խայտառակությունը կապ չուներ ոչ միայն արվեստի, այլեւ ազատ արվեստի հետ: Հիմա էլ առաջ է քաշվում նոր նախագիծ, ըստ որի բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

-Հիմնական փաստարկն այն է, որ պետք է կենտրոնանալ մասնագիտական առարկաների վրա:

-Անպայման պետք է մտածենք բուհերում մասնագիտական առարկաները շատ լավ անցնելու մասին: Մասնագիտական առարկաների հաշվին ժամաքանակ ամենեւին չպետք է ներմուծենք, բայց լեզուն, մշակույթը, գրականությունն ու պատմությունը կրում են ազգային հիշողություն, եւ մենք մասնագետ լինելու հետ մեկտեղ պետք է լինենք հայ: Մեր ելակետը, ընթացքն ու չափանիշը հայն է, Հայաստանը եւ հայկականությունը: Բուհերում եւ ֆակուլտետներում, ճիշտ հակառակը, պետք է լինի առանձնակի մոտեցում նշյալ առարկաների նկատմամբ, եւ դա պետք է բխի տվյալ մասնագիտության շահերից:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Օրինակ՝ եզրույթաբանություն, մասնագիտական մտածողություն, մասնագիտական գրականություն, թարգմանական հարցեր. բոլոր ֆակուլտետներում սրանց պետք է ուշադրություն դարձվի: Նախարարի սխալ քայլերը հաշվի առնելով՝ միանում եմ երիտասարդներին եւ ասում եմ՝ այո՛, Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա: Նախարարն այլեւս պիտանի չէ: Չեմ ուզենա, որ ուսանողների առօրյան խաթարվի, բայց միեւնույն ժամանակ գիտակցում եմ, որ նրանք պետք է իրենց դժգոհության ձայնը բարձրացնեն հերթապահելով, իրար փոխարինելով…Ոչինչ, մի քանի օր էլ թող դասի չգնան: Նախարարը պետք է հասկանա, որ ժողովրդի ձայնով եկավ իշխանության, ուրեմն պետք է, պարտավոր է լսել այդ ձայնը,հակառակ դեպքում ժողովուրդը նրան կթողնի լուսանցքից դուրս:

Աննա Բաբաջանյան




Լրահոս