2018թ. դեկտեմբերին Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի 29-ամյա բնակիչ Հայկ Առուստամյանի 170 խոզը սատկել են: Նա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ խոզերի մի մասը պահում էր անտառում, մի մասը` անասնաֆերմայում այն հույսով, որ եթե մի տեղ պահվող խոզերը հիվանդանան, մյուս տեղում գտնվող խոզերն անվնաս մնան, սակայն բոլոր անասունները սատկել են:
Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության աշխատակից անասնաբույժը սատկած խոզերից վերցված փորձանմուշն ուղարկել է Երեւան` լաբորատորիա, լաբորատորիայից հայտնել են, որ անհրաժեշտ խթանիչների բացակայության պատճառով չեն կարող որոշել խոզերի անկման պատճառ հիվանդությունը: Հ. Առուստամյանը կարծում է, որ խոզերի անկման պատճառը խոզերի աֆրիկյան ժանտախտն է:
Նա խոզաբուծությամբ զբաղվելու համար տարբեր բանկերից եւ վարկային կազմակերպություններից 25 հազար դոլար վարկ է վերցրել, նրա մտերիմ 9 անձինք այդ վարկերի երաշխավոր են, վարկի համար գրավ է դրվել նաեւ Հայկի քեռու տունը: Հ. Առուստամյանը ստիպված է եղել մեկնել Մոսկվա, ուր ուրիշի արտադրամասում աշխատում է: Մոսկվայում նրա աշխատած գումարները չեն բավականացնում վարկերը մարելու համար, վարկերի տույժ-տուգանքները ավելի մեծ գումար են կազմում, քան մայր գումարի մարման համար կատարվող հերթական վճարումները:
Նա ասաց, որ 3 ամիս առաջ հանդիպել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ով իր համագյուղացին է, նրանից աջակցություն է խնդրել, որ եթե իրեն պետական կամ այլ օգնություն չլինի, գոնե սառեցվեն վարկերի համար տույժ-տուգանքները: Մարզպետը խոստացել է օգնել, սակայն աջակցություն չի ցուցաբերել: Հայկը հայտնեց, որ իր խոզերի անկումից 2 ամիս անց` 2019թ. փետրվարի 2-ին, Չինչին գյուղում հրդեհի հետեւանքով Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի անասնապահական ֆերմային պատճառվել է 31 միլիոն դրամ վնաս, կառավարությունը վնասը մասնակի փոխհատուցել է` տրամադրելով մոտ 24 միլիոն դրամ:
Այս տարի Չինչինի բնակիչների մեկի տունը այրվել է, այդ բնակչի համար նոր առանձնատուն է գնվել: Հ. Առուստամյանը ասաց, որ ինքը կողմ է, որ արտակարգ պատահարներից տուժած այդ մարդկանց օգնել են, սակայն ինքն էլ աջակցության կարիք ունի: Մոտենում է վարկերից մեկի մասնաբաժնի`1,5 միլիոն դրամի մուծման օրը, սակայն բանվորությամբ վաստակող Հ. Առուստամյանը համոզված է, որ չի կարողանալու մարել այն, առաջիկայում բանկերը դատարան կդիմեն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ