2019թ. հուլիսի 28-ին Վարդավառի միջոցառում կազմակերպելու համար Տավուշի մարզպետարանը 1 միլիոն 80 հազար դրամ է հատկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին` նրան հարցնելով, թե քանի կազմակերպություն է մարզպետարան հայտ ներկայացրել Վարդավառի միջոցառումը կազմակերպելու համար, որ կազմակերպությունն է կազմակերպել այդ միջոցառումը, 1 միլիոն 80 հազար դրամ գումարով ինչ ծախսեր են արվել:
Մարզպետը գրավոր պատասխանել է, որ այդ միջոցառման կազմակերպման համար հայտարարություն է տրվել, հայտ ներկայացրել է մեկ կազմակերպություն` «Հայաստանի կոմպոզիտորների միություն» ՀԿ-ն, որն էլ կազմակերպել է միջացառումը:
Մարզպետը հայտնել է նաեւ, որ 1 միլիոն 80 հազար դրամից հյուրասիրության համար ծախսվել է 300 հազար դրամ, ձայնային տեխնիկայի վարձակալության եւ սպասարկման համար` 400 հազար դրամ, համերգի համար` 110 հազար դրամ, տրանսպորտային ծախսերի համար` 90,1 հազար դրամ, ԱԱՀ` 180 հազար դրամ։
Հարց է ծագում` ինչո՞ւ Տավուշի մարզի բազում կազմակերպություններ հայտ չեն ներկայացրել Վարդավառի միջացառումը կազմակերպելու համար, ինչո՞ւ էր նախապես Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն զետեղվել, որ Վարդավառի միջոցառումը կայանալու է Հաղարծնի վանական համալիրում: Հետո այդ հայտարարությունը հանվեց: Վարդավառի միջոցառումը կայացել է Դիլիջանի կոմպոզիտորների տանը: