Ինչու՞ է Արթուր Ալեքը Նյու Յորքի օդանավակայանում ստիպված եղել երգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Շարքի շրջանակում արդեն զրուցել ենք երգիչ Արթուր Ալեքի հետ, որը հիշել է բեմական կյանքին առնչվող երկու զվարճալի դեպք: Այս անգամ եւս Արթուրը պատմեց մեզ մի դրվագ, որը կրկին կապված է նրա ստեղծագործական կյանքի, կարիերայի հետ:

Աստղերի կյանքում քիչ չեն իրավիճակները, որոնք ստիպում են նրանց կատարել ծայրահեղ քայլեր, դրսեւորվել նոր, նույնիսկ իրենց համար անսպասելի ռակուրսից, խճճվել պատմությունների մեջ, որոնք իրենք էլ հետո զարմանքով են հիշելու: Այն դեպքը, որը կատարվել է Արթուրի հետ, հանկարծակիի է բերել ոչ միայն կողքիններին, այլեւ հենց իրեն:

Արթուր Ալեքն այս անգամ հիշեց մի պատմություն՝ կապված հյուրախաղերի հետ: «2016 թվականն էր, մեծ երգչախմբով մեկնում էինք Նյու Յորք, անձնագրային բաժնում բավական խիստ էին, մեզ չէին թողնում անցնել, փաստորեն չէինք կարող քաղաք մտնել: Քանի որ, այսպես ասած, «կասկածելի» դեմքեր էինք, ստիպված եղանք ծայրահեղ քայլի դիմել, որպեսզի շահենք նրանց վստահությունը: Չեք հավատա, բայց ես հանկարծակի որոշեցի, որ մի քանիսով պետք է երգենք: Եվ պատկերացնու՞մ եք, երգչախմբից մի քանիսով օդանավակայանում բոլորի առջեւ կանգնած երգեցինք: Դրանից հետո նոր թույլատրեցին մեզ անցնել բաժինն ու մտնել Նյու Յորք: Փաստորեն, այդ այցի ընթացքում ստիպված եղա սեփական ձայնով վաստակել «այցեքարտս»: Տարիներ անց էլ, երբ հավաքվում ենք ընկերներով, հաճախ ենք հիշում այդ դրվագն ու ծիծաղում»,- պատմեց Արթուրը:

Նրա խոսքով՝ հենց այսպիսի պատմություններն են մեր կյանքը դարձնում առավել տպավորիչ, վառ եւ հիշարժան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս