ArmLur.am-ը զրուցել է «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջիվան Չելոյանցի հետ:
-Պարոն Չելոյանց, դուք հանդիսացել եք նաեւ «Լուկոյլ» ընկերության փոխնախագահը եւ այլ ուղղությամբ եք խորացած եղել։ Ինչո՞վ է պայմանավորված ձեր հետաքրքրությունը ֆուտբոլի ասպարեզում։
-Ես պարզապես մանկուց սիրել եմ ֆուտբոլը. ինքս մի ժամանակ զբաղվում էի դրանով։ Այն աշխարհի համար առաջին խաղն է, եւ ես նույնպես փոքր ժամանակ հիվանդացել եմ այդ հիվանդությամբ եւ մինչեւ այժմ էլ սիրում եմ։ Ես ուղղակի սիրում եմ ֆուտբոլ՝ դա մեկ։ Եվ յուրաքանչյուր կայացած մարդ ունի սոցիալական պարտավորություն։ Եվ այս կամ այն կերպ, որ ոլորտը նրան մոտ է, այդ ոլորտում էլ աշխատում է։ Մեզ մոտ զբաղվում են հազար երեխա, սա էլ իմ սոցիալական պարտավորությունն է։
– Իսկ ինչպե՞ս կարող եք գնահատել հայկական ֆուտբոլի վիճակը։ Կարո՞ղ է Հայաստանի հավաքականը ավելի մեծ ձեռքբերումների հասնել։
-Իմ կարծիքն այն է, որ առանց ուժեղ ակումբների, ուժեղ հավաքական չի լինում։ Ես կարծում եմ, որ հայկական ֆուտբոլը վերջին մեկուկես տարվա ընթացքում ավելի ուժեղ է դարձել։ Բայց ես չեմ կարծում, որ հայկական ֆուտբոլն այս պահին ուժեղ է։ Այն ավելի լավն է դարձել, քան կար, ավելի ուժեղ է դարձել, քան կար, ավելի շատ թիմեր են խաղում։
– Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ հիմա հաջողվել է համեմատաբար ավելի լավը դարձնել հայկական ֆուտբոլը։
– Իմ կարծիքով դրա վրա ամեն ինչ է ազդում։ ֆուտբոլն առաջին հերթին երկրի տնտեսական իրավիճակի արտացոլանքն է։ Ինչ մակարդակի վրա է ֆուտբոլը, այնպիսի մակարդակում էլ տնտեսությունն է։
-Այսինքն ՝ ի՞նչ է անհրաժեշտ ֆուտբոլի զարգացման համար՝ ֆինանսնե՞ր, ինֆրոստրուկտուրանե՞ր։
-Առանց ֆինանսի ֆուտբոլ չի լինում. ֆուտբոլիստները, ակումբի աշխատակիցները պետք է վարձատրվեն, պետք է մեկնեն խաղերի․․․ այդ ամենը գումար է։ Ցավոք, Հայաստանում ինֆրոստրուկտուրաների վիճակը լավ չէ։
-Ինչպես հայտնի է՝ ՀՖՖ Գործկոմի 17 անդամներից 8-ը քաղաքական գործիչներ են՝ նախարարներ, պատգամավորներ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին, արդյոք ավելորդ զբաղվածությունը, այլ աշխատանքը կարող է խանգարել։
-Գիտեք՝ կարեւոր չէ, թե մարդն ինչ է աշխատում։ Բայց այն մարդիկ, որոնք Գործկոմի անդամ են, պետք է գոնե ֆուտբոլից մի փոքր հասկանան։ Դա իմ կարծիքն է։ Ահա, օրեր առաջ եղավ հավաքականի գլխավոր մարզչի նշանակում, ես ինչեր ասես, որ չընթերցեցի մամուլում։ Օրինակ առողջապահության նախարարը քննադատում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին։ Ես կարծում եմ, որ առողջապահության նախարարն առաջին հերթին պետք է զբաղվի եւ մտահոգվի նրանով, որ Հայաստանում լինեն մի քանի սպորտային բժիշկներ։ Հայաստանի առողջապահության նախարարը եւ մյուս անդամները պետք է աշխատեն երկրի համար։ Օրինակ կարող են Բժշկական համալսարանում սպորտային բժիշկների ուսուցում կազմակերպել, այ դա իրական օգնություն կլինի երկրին եւ սպորտին։ Հնարավոր չէ ժամանակակից սպորտում առանց ժամանակակից բժշկության, այպդպիսի բան չի լինում։
-Իսկ նրանց ավելորդ զբաղվածությունը չի՞ կարող խանգարող հանգամանք լինել։
-Գործկոմն այն վայրը չէ, որտեղ ամեն օր գալիս են աշխատանքի։ Բայց մարդիկ պետք է գոնե հասկանան ֆուտբոլը, քանի որ նաեւ ադեկվատ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է լինում։ Եվ ընդհանուր առմամբ այդ նշանակման հետ կապված սխալ եւ վատ բան կատարվեց։ Հայաստանում ամեն բան այնքան է քաղաքականացված։ Ես ֆուտբոլում վաղուց եմ, սակայն այսքան քաղաքականություն ֆուտբոլում ես չեմ հիշում։ Այնպիսի տպավորություն էր, որ մարդիկ զբաղվում են ինչ-որ քաղաքական գործունեությամբ։ Եկեք թողնենք քաղաքականությունը։ Ես այստեղ եմ ֆուտբոլով զբաղվելու համար եւ ես ցանկանում եմ, որ երկիրն ինձ օգնի։ Առանց երկրի, իշխանությունների, ոչինչ չի լինում։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան