Երեկ ի վերջո Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց իր պաշտոնից եւ հայտարարեց նաեւ այդ կառույցից առհասարակ դուրս գալու որոշման մասին: Եվ հետաքրքիր է, որ Վազգեն Մանուկյանն իր հայտարարության մեջ փորձում էր ամբողջ պատասխանատվությունը դնել իշխանության վրա:
«Այսօր մեր երկրում ձեւավորվել է անվստահության եւ ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել… Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր եւ անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը», – ընդգծելով, որ փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն ապարդյուն:
Այստեղ հետաքրքիր է, որ Հանրային խորհրդի նախկին նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած իրեն պաշտոնանկ անելու առումով դեռեւս մի քանի ամիս լինելու էր անձեռնմխելի վիճակում, բայց հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ: Եվ ահա, Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունից պարզ դարփավ, որ Փաշինյանը ոչինչ չի ասել: Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել` Փաշինյանի եւ Վազգեն Մանուկյանի միջեւ հանդիպում կամ զրույց եղել է, թե ոչ: Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, թե Մանուկյանի հրաժարականի տեքստում ամեն ինչ ասված է եւ պետք էր հասկանալ, որ զրույց չի եղել: Ամեն դեպքում Կարապետյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ նրանց միջեւ հանդիպում եւ զրույց չի եղել: Հավելենք նաեւ, որ Վազգեն Մանուկյանի հրաժարականի դիմումն արդեն կառավարությունում է: Ստացվում է` Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը միմյանց հասկացել են առանց խոսքի:
Երեկ Ազգային ժողովի պատգամավորներն իմանալով Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին լուրը, մեկ մարդու պես հայտարարում էին, թե սպասելի էր եւ ճիշտ քայլ է եղել` դատելով նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները: Օրինա, իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի խոսքով, Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում չէր պահպանում քաղաքական չեզոքությունը եւ իշխանությունների հետ չհամագործակցության պատճառը հենց ՀԽ-ն է եղել:
Բանն այն է, որ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն եւ հենց այս դրույթի խախտումն են իմքայլականները նաեւ օրինակ բերում: Իսկ ահա մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել եւ մինչեւ այժմ էլ Հանրային խորհրդի կարեւորությունը ոչ ոք չի զգացել:
Փորձեցինք պարզել նաեւ Հանրային խորհրդի անդամների տեսակետները: ՀԽ անդամ Հարություն Մեսրոբյանը մեր զրույցի պահին Երեւանում չէր եւ ընդամենը մի քանի ժամ առաջ էր իմացել հրաժարականի մասին եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իր համար անակնկալ չէր այդե քայլը: Իսկ ահա Կարինե Դանիելյանն առհասարակ չգիտեր հրաժարականի մասին եւ հենց մեզնից իմացավ, սակայն իր համար եւս այդ որոշումն անակնկալ չէր: «Երեւի սպասելի էր եւ հատկապես ՀԽ վերջին նիստից հետո», – նշեց նա: Մեր դիտարկմանը` «Իմ քայլ»-ից մեկնաբանում են, թե կառույցը օգտակար չէր եւ անարդյունավետ էր աշխատում, Դանիելյանը նշեց. «Ես համաձայն չեմ, պարզապես գիտեք` ես Վազգեն Մանուկյանի հետ միշտ վիճել եմ, որ ինքը մամուլի հետ քիչ է աշխատում: Եվ մեր արած աշխատանքն այդքան չէր լուսաբանվում, մեր նիստերը չէին լուսաբանվում, նա ավելի զուսպ է եղել եւ դա սխալ է իմ կարծիքով», – նշեց Դանիելյանը:
Դիտարկմանը` իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե հենց իրենց հետ աշխատանք չի տարվել եւ բացի այդ Մանուկյանը քաղաքականապես չեզոք չէր, Դանիելյանը նկատեց. «Ես հիմա դա չեմ կարող ասել` քաղաքականապես չեղոք եղել է, թե ոչ, բայց ես նաեւ նախորդ ՀԽ-ում եմ եղել եւ մենք անընդհատ հանդիպել ենք եւ նախարարների հետ, եւ վարչապետի եւ նախագահի հետ: Այս ընթացքում եւս հանդիպումներ եղել են. մեկ անգամ վարչապետի հետ ենք հանդիպել: Իսկ օրինակ իմ հանձնաժողովը` Էկոլոգիական, մենք մի նամակ ուղարկել ենք թե կառավարություն, թե նախարարներին եւ բոլորից պատասխաններ են եղել: Կան հանձնաժողովներ, որ այդքան ակտիվ չեն, բայց օրինակ մենք շատ մեծ աշխատանք ենք տարել նոր կառավարության հետ: Ես կարծում եմ` շատ սխալ է Հանրային խորհուրդին այդպես վարկաբեկել»:
Հավելենք, որ ըստ Հանրային խորհրդի մասին օրենքի, Հանրային խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հանրային խորհրդում ընդգրկվում է նոր անդամ` սույն օրենքով տվյալ անդամի նշանակման կամ ընտրության համար սահմանված կարգով: Եվ տեղեկություններ են շրջանառվում, թե նոր նախագահի հավանական թեկնածուներից է Ստյոպա Սաֆարյանը:
Նաիրա Հովհաննիսյան