«Այլ ծախսերը» և առողջապահության նախարարի ընկերը. Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երբ նախորդ տարի Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը, մեծ աղմուկ բարձրացավ: Մամուլում հրապարակումներ եղան, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է: Ավելին, նշանակումից կարճ ժամանակ անց, հենց նախարարի հրամանով, ընկերոջ` Դավիդյանցի աշխատավարձը 350 հազար դրամից դարձավ 710 հազար դրամ, թերեւս որպեսզի կլինիկայի տնօրենը հանկարծ աչքն աջուձախ չգցի:

Անցած տարվա հոկտեմբերի 14-ին նախարար Թորոսյանը, հավաքելով բոլոր հիվանդանոցների տնօրեններին մի հարկի տակ, խստիվ զգուշացրեց. «Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք, որ հարկատուների վճարումներից գոյացած պետբյուջեի միջոցները չպետք է գողացվեն կամ վատնվեն` անկախ զբաղեցրած դիրքից, սեփականության ձեւից: Հարկատուների միջոցները սուրբ միջոցներ են, եւ դրանց նկատմամբ ոտնձգությունները աշխարհում ու նաեւ Հայաստանում այսուհետ համարվելու է ծանր հանցագործություն: Սա սպառնալիք չէ, այլ սկզբունքի որդեգրում…»:

Բայց ավելի քան 1 տարի անց, փաստ է, որ նախարարին ականջալուր չեն հենց նրա նշանակած կադրերը: ArmLur.am լրատվականին տրամադրել են մի տեսանյութ, որում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցը տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ աշխատանքային հարցեր քննարկելիս նրանից հարցնում է, թե ինչ անի այն փողը, որը գոյացել է «այլ ծախսերի» անվան տակ. ձեւակերպված եւ դուրս գրված 100 հազար դրամից հրահանգ կա 25 հազարական դրամ հետ հավաքել, դնել սեյֆում: Ում համար` տեսանյութից պարզ չի դառնում: Բայց հասկանալի է, որ սեյֆում պահվող գումարը տնօրենի ծախսելիքը չէ, այլ, ըստ ամենայնի, ինչ-որ մեկին փոխանցելու համար:

Ում համար էր տնօրեն-ընկերը գումար հավաքում` ամենաառաջինը պետք է հետաքրքրի հենց նախարար Թորոսյանին, որ սուր է ճոճում ընդդեմ կոռուպցիայի, բայց հենց իր քթի տակ նման գործարքներ են լինում: Այս տարվա մարտին էլ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին աշխատասենյակում ձերբակալեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին:

ArmLur.am-ի հարցմանը՝ «Շարունակո՞ւմ է արդյոք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահել իր կողմից նշանակված կադրերին, առավել եւս` իր ընկերներին, եւ երաշխավորել նրանց օրինական աշխատանքի համար, թե՞ ոչ», Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը պատասխանել է. «Նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում: Եթե առկա են փաստեր, խնդրում ենք գրավոր ներկայացնել»: Ահավասիկ գրավոր փաստերը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս