Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Պառավաքար գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Մատվեյ Բրուտյանի դատավարությունը:
Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2019թ. օգոստոսի 16-ին` ժամը 00.30-ի սահմաններում, Պառավաքար-Իջեւան ավոտճանապարհի 3-րդ կիլոմետրում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ապօրինի անտառհատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ ծառայություն իրականացնող ոստիկանության Տավուշի բաժնի ՊՊԾ դասակի վարորդ, 1992թ. ծնված Անդրանիկ Ալավերդյանի նկատմամբ` մեկ անգամ հարվածելով նրա պարանոցի միջին երրորդի աջ կեսի շրջանում` քերծվածքի ձեւով պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Բացի այդ, Մ. Բրուտյանը 2019թ. օգոստոսի 16-ին հագին գտնվող անդրավարտիքի գոտուց կախված սեւ գույնի կաշվենման պատյանում ապօրինի կրել է քաղաքացիական շերտավոր սառը զենք հանդիսացող դանակ: Մ. Բրուտյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով եւ 316 հոդվածի 1-ին մասով:
Ոսկան Սարգսյան
Տավուշ